Երևանի անտանելի խցանումները ոչ միայն շարքային քաղաքացիների համբերությունն են սպառել, այլև դարձել են իշխանության ներսում հրապարակային քննադատության առարկա։ Այս անգամ մայրաքաղաքի երթևեկության խնդրին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը՝ ուղիղ ակնարկներով քննադատության թիրախ դարձնելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Հակոբյանի անդրադարձը հատկապես ուշագրավ էր այն հանգամանքով, որ նա պարզապես չէր արձանագրում խցանումների գոյությունը, այլ հարցեր էր բարձրացնում քաղաքաշինական քաղաքականության, նորակառույց շենքերի, մեքենաների թվի աճի և այդ գործընթացների համար պատասխանատու մարդկանց մասին։ Թեև Հակոբյանը Տիգրան Ավինյանի անունը չէր հնչեցրել, քննադատության հասցեատերը դժվար էր չհասկանալ։ Հատկանշական է, որ Աննա Հակոբյանի հայտարարությունից հետո թեման չմնաց միայն սոցիալական ցանցերի քննարկումների շրջանակում։ Տիգրան Ավինյանն արդեն ստիպված էր հրապարակայնորեն անդրադառնալ վարչապետի տիկնոջ դժգոհություններին՝ խոստովանելով, որ 10 բալանոց խցանումներն իրեն նույնպես նյարդայնացնում են։
Սակայն այստեղ մի կարևոր հարց է առաջանում․ ինչո՞ւ Երևանի բնակիչները պետք է տարիներ շարունակ ապրեն խցանումների, ուշացումների և ճանապարհներին կորցրած ժամերի պայմաններում, մինչդեռ քաղաքային իշխանությունը դեռևս խոսում է ապագա քննարկումների և նախատեսվող լուծումների մասին։ Առավել ուշագրավ է շինարարական թույլտվությունների շուրջ առաջացած հակասությունը։ Մի կողմից՝ Աննա Հակոբյանը հարցեր է բարձրացնում նոր շենքերի կառուցման թույլտվությունների և քաղաքային ենթակառուցվածքների անհամապատասխանության մասին, մյուս կողմից՝ Ավինյանը պնդում է, որ խցանումների հիմնական պատճառը ավտոմեքենաների թվի աճն է, ոչ թե շենքերի կառուցումը։
Այսպիսով, Երևանը շարունակում է մնալ մի քաղաք, որտեղ շենքերն ավելանում են, մեքենաները՝ շատանում, իսկ քաղաքացիների տեղաշարժը գնալով ավելի է բարդանում։ Սակայն այս պատմության մեջ ամենակարևոր քաղաքական ենթատեքստը թերևս այն է, որ Ավինյանի աշխատանքի վերաբերյալ դժգոհությունն արդեն հնչում է իշխանության ամենամերձավոր շրջանակներից։ Երբ վարչապետի ընտանիքին մոտ կանգնած անձն է հրապարակայնորեն բարձրաձայնում քաղաքապետարանի պատասխանատվության տիրույթում գտնվող խնդիրները, դա առնվազն լուրջ ազդակ է Տիգրան Ավինյանի համար։ Արդյո՞ք սա Ավինյանի պաշտոնավարման ավարտին նախորդող քաղաքական գործընթացի սկիզբն է։
Արդյո՞ք քաղաքապետի օրերը հաշված են։ Այս հարցերը դեռ պատասխան չունեն, սակայն ակնհայտ է, որ նրա աշխատանքի շուրջ դժգոհությունն այլևս միայն ընդդիմության քննադատությունը չէ։ Ավինյանի համար իրավիճակը կարող է առավել անհարմար դառնալ, եթե դժգոհությունների այս ալիքը շարունակվի նաև իշխանական շրջանակներում։ Քաղաքապետի պաշտոնը քաղաքական երաշխիք չէ, իսկ իշխանության ներսում հնչող քննադատությունը կարող է նոր քննարկումների առիթ դառնալ նրա պաշտոնավարման շուրջ։ Երևանի խցանումները վաղուց դուրս են եկել պարզապես երթևեկության խնդրի շրջանակից։ Դրանք դարձել են քաղաքային կառավարման արդյունավետության լուրջ քննություն, և այդ քննության արդյունքներն ամեն օր տեսնում են հազարավոր երևանցիներ՝ իրենց կորցրած ժամանակի հաշվին։
Իսկ Տիգրան Ավինյանի համար գլխավոր հարցն այլևս միայն այն չէ, թե ինչպես ազատել Երևանը խցանումներից, այլև՝ ինչպես պահպանել իր քաղաքական դիրքերը, երբ դժգոհությունն արդեն հասել է իշխանության ներս և կրում են ամենօրյա բնույթ։ Հերթական ակորդը եղավ այսօր, երբ Աննա Հակոբյանը կոչ արեց կին վարորդներին՝ խցանումների մեջ ժամերով մնալիս մեքենաներում աղմկող իրեր օգտագործել և բարձրաձայն արտահայտել իրենց դժգոհությունը։ Ավինյանին այլ բան չի մնում, քան լարել լսողությունը։
Irakanum.am