Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը
ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում քննարկվում էր ՆԳՆ-ի ներկայացրած օրինագիծը:
Այնպիսի տպավորություն է, որ բանակը այս իշխանությունների համար երրորդական չորրորդական ինստիտուտ է: Օրինակ` եթե այլ համակարգերում կա կադրային խնդիր դա լուծում են բանակի հաշվին:
Օրվա իշխանությունը մի կողմից ճռճռան հայտարարություններ, ականջ շոյող խոսքեր է ասում բանակի մարտունակության բարձրացման մասին, կամ PR ակցիաներ է անում բանակի ու զինվորի առօրյայի վերաբերյալ, բայց արի ու տես, որ նույն իշխանությունն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու ևս մեկ ճանապարհ` ՆԳՆ ուսումնական հաստատություններ ընդունված երիտասարդների ծառայությունից ազատելու օրինագիծը, որը դեռևս քննարկվում է, բայց այս իշխանությունների տրամադրվածությունից հասկացվում է, որ այն ընդունվելու է:
Հարցը ոստիկանության կամ Փրկարար ծառայության կարևորությունը չէ։ Այդ կառույցները նույնպես պետությանն անհրաժեշտ են։ Հարցն այն է, թե ինչու է դրանց կադրային համալրման խնդիրը լուծվում բանակի զորակոչային ռեսուրսի հաշվին։
Հասկանալի է, որ սա արդեն պարզապես կադրային քաղաքականություն չէ, այլ պետական առաջնահերթությունների հարց է։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: