Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, այսօր Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստի ընթացքում հետազոտվեց «Պետք է ճնշում գործադրել հայ գործարարների վրա» վերնագրով տեսաձայնագրության զննության արձանագրությունը, որը դրված է Չալաբյանի մեղադրանքի հիմքում։
Հիշեցնենք, որ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով։
Գործը վերաբերում է 2026 թվականի փետրվարի 4-ին Երևանի սրճարաններից մեկում օտարերկրյա պետության ներկայացուցիչների` Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առաջին քարտուղար Ալեքսանդր Մալիշևի և երրորդ քարտուղար Քրիստինա Ալյոնկինայի հետ տեղի ունեցած հանդիպմանը։ Քննչական մարմնի պնդմամբ՝ Չալաբյանը դրդել է օտարերկրյա պաշտոնյաներին օգտագործել իրենց ծառայողական և իշխանական լիազորություններն ու ազդեցությունը՝ տվյալ երկրում գործող կազմակերպությունների սեփականատերերի միջոցով։ Նպատակն է եղել ստիպել այդ կազմակերպություններում աշխատող ՀՀ քաղաքացիներին մեկնել Հայաստան և քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին։
«Ձայնագրության զննության արձանագրության մեջ որտե՞ղ հասկացաք, որ այդ անձինք տվել են իրենց համաձայնությունը՝ իրենց ազդեցությունն օգտագործելու ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիների վրա, որ վերջիններս գան և քվեարկեն «Ուժեղ Հայաստանի» օգտին։ Այս ձայնագրության զննության արձանագրության մեջ որտե՞ղ է երևում, որ այդ անձինք տվել են իրենց համաձայնությունը։ Եվ գործընթացն ավարտին չի հասցվել, որովհետև այդ ձայնագրությունը հրապարակվել է համացանցում»,- այս հարցերը բարձրացրեց Չալաբյանի պաշտպանը՝ պնդելով, որ մեղադրանքում որևէ բառ չկա, որ Չալաբյանը հորդորում է, համոզում է «Ուժեղ Հայաստանին» սատարելու վերաբերյալ:
Ավետիք Չալաբյանն էլ նախ հստակեցրեց, որ հրապարակված ձայնագրությունը խառը մոնտաժի արդյունք է։ Նրա ենթադրությամբ՝ իրենց 30 րոպեանոց զրույցից հրապարակվել է ընդամենը 4 րոպեանոց հատված։ Նրա խոսքով՝ տեսաձայնագրության պատկերները նույնպես կապ չունեն զրույցի հետ։
«Մեղադրանքում գրված է, որ գնացել եմ այդ հանդիպմանը՝ նպատակ ունենալով խոչընդոտել ընտրողների ընտրական ազատ իրավունքի իրացումը։ Ես չգիտեմ՝ որտեղից է մեղադրող կողմն այս պնդումն անում։ Ամբողջ քրեական գործում ի՞նչ փաստական տվյալ կա, որ ես հենց այդ նպատակով եմ գնացել։
Ալեքսանդր Մալիշևի հետ հանդիպումը ծանոթանալու նպատակով է եղել։ Այդ ընթացքում տարբեր թեմաներ ենք քննարկել։
Մալիշևը հարցնում էր՝ դիտորդական առաքելություն իրականացնելո՞ւ ենք, թե՞ ոչ։ Հարցրեց՝ ինչով կարող են օգտակար լինել, որպեսզի ընտրությունները թափանցիկ լինեն։ Ասացի՝ կարող եք դիտորդական առաքելություն ուղարկել, կարող եք օգնել, որ ՀՀ քաղաքացիները գան Հայաստան ու կատարեն իրենց ընտրությունը։ Հարցրեց՝ էլ ինչով կարող են օգտակար լինել։ Ասացի՝ կարող եք այնպես անել, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև սառնության պատը հալվի, դրական ուղերձներ ուղղեք ՀՀ-ին։ Այստեղ այդ մարդն ասաց՝ ինչ ասում եք, շատ հետաքրքիր է, բայց մեր լիազորություններից վեր է, այստեղ ոչինչ չենք կարող ասել։
Մենք իրար հրաժեշտ ենք տվել, դրանից հետո Մալիշևի հետ հանդիպում չի եղել, թեև նա ավելի ուշ ինձ գրել է՝ ասելով, որ կրկին կցանկանար հանդիպել ինձ հետ»։
Չալաբյանը նաև ընդգծեց, որ փետրվարի 4-ին օտարերկրյա պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ իրենք համագործակցում էին «Միասնության թևեր» նախաձեռնության հետ և բանակցում էին ընտրություններում այդ ուժին սատարելու շուրջ։ Ըստ Չալաբյանի՝ այդ ժամանակ դեռևս չկար «Ուժեղ Հայաստանին» աջակցելու մտադրություն կամ նման գործընթաց։
Հետևաբար, նրա խոսքով, անհասկանալի է, թե ինչպես կարող էր ստիպել կամ որևէ գործողություն իրականացնել՝ մարդկանց «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելուն ուղղորդելու նպատակով։
Նա շեշտեց, որ հանդիպման ընթացքում որևէ քաղաքական ուժի անուն չի շոշափվել, մեղադրանքն էլ ծայրից ծայր սուտ է:
Նիստում այսօր հետազոտվում են գործով ապացույցները:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: