Վարդևանյան․ Միրզոյանն ու Փաշինյանն են ասել՝ նոր սահմանադրությունը Բաքվի պայմանն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մեր հայրենակիցներից շատերը տեղեկատվական որոշակի առումով վակուումի պայմաններում բավարար տեղեկացված չեն արտաքին պարտադրանքով թելադրված սահմանադրական օրակարգի մասին, որը տեղի է ունենում Հայաստանում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով հարցին, որ եթե իրենք վստահ են, որ ոչ մի դեպքում իրենց կուսակցական ընկերներից ոչ ոք ձայն չի տալու, որպեսզի նոր Սահմանադրությունը դրվի հանրաքվեի, այդ դեպքում ինչու են փողոցներում «ոչ»–ի արշավ իրականացնում։

«Մենք մեր դիրքորոշումը հստակ ընդգծել ենք որ մենք նշված թույլ չենք տալու բայց նաև մեր հայրենակիցները պետք է տեղեկացված լինեն։ Հետևաբար մենք հենց այս փուլում, քանի որ արդեն իսկ այլևս բոլոր տվյալները գաղտնազերծվել են փաստացի, Արտաքին գործերի նախարարը, նաև Նիկոլ Փաշինյանը, ուղիղ նշել են, որ Ադրբեջանի կողմից կա նախապայման Հայաստանի Հանրապետության սահմանադրության վերաբերյալ, որոշել ենք տեղեկացնել մեր հասարակությանը։

Դուք միջազգային փորձում նման դեպք չեք տեսնի, երբ մեկ սուվերեն պետություն, մեկ այլ սուվերեն պետության սահմանադրության վերաբերյալ որևէ գնահատական նույնիսկ հնչեցնի, էլ չեմ ասում դրա փոփոխության մասին հարց դնի։

Ավելին, Ադրբեջանի սահմանադրության նախաբանում կա հղում Անկախության հռչակագրերի, իսկ այդ անկախության հռչակագրերը, ի տարբերություն մեր անկախության հռչակագրի, կոնֆլիկտածին են, բայց դրա վերաբերյալ խոսույթ չեք լսում։

Դուք կարող եք ասել Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում արդեն տեղեկացնում էր սահմանադրական հնարավոր փոփոխությունների մասին, ընդհուպ սպառնում էր մեր հայրենակիցներին աղետալի պատերազմով, և ժողովուրդը արդեն իսկ ուղիղ մերժեց նշված օրակարգը, քանի որ նրանք չստացան սահմանադրական մեծամասնություն»,–ասաց նա։

NEWS.am

Leave a comment