Ազգային ժողովի նիստում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց ընդդիմադիր պատգամավորների պահանջին՝ կողմ քվեարկել իրենց ներկայացրած հայտարարության նախագիծը օրակարգում ընդգրկելուն, որպեսզի այն քննարկվի խորհրդարանում։ Ռուբինյանն ընդդիմությանը փոխադարձ առաջարկ արեց՝ նույն մոտեցումը ցուցաբերել նաև նոր Սահմանադրության նախագծի քննարկման հարցում։
Ռուբինյանն ասաց, որ եթե ընդդիմությունը պահանջում է չխոչընդոտել իր նախաձեռնությունների քննարկմանը, ապա պետք է պատրաստ լինի նույն սկզբունքով աջակցել նաև իշխանության ներկայացրած նախագծերի քննարկմանը։
«Եթե ինքը (Լիլիթ Գալստյանը) գալիս է այստեղ, հայտարարում է, որ այսուհետ մենք չենք խոչընդոտում հարցերի քննարկմանը Ազգային ժողովի նիստերի դահլիճում և համաժողովրդական քննարկմանը, ապա մենք ցանկացած պահի կողմ ենք քվեարկում, որպեսզի թեկուզ այն հայտարարությունների նախագծերը, որոնց մենք դեմ ենք, մտնեն օրակարգ, քննարկենք, դուք էլ կողմ եք քվեարկում նոր Սահմանադրության նախագծին, որպեսզի ժողովրդին քննարկման հնարավորություն տաք»,- հայտարարեց ԱԺ նախագահը։
Ռուբինյանն անդրադարձավ նաև 44-օրյա պատերազմի պատճառների վերաբերյալ ընդդիմության հայտարարություններին։ Նա պնդեց, որ այդ հարցում ընդդիմադիր քաղաքական ուժերի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գնահատականներն ամբողջությամբ համընկնում են։
«44-օրյա պատերազմի վերաբերյալ Իլհամ Ալիևի և մեր ընդդիմության գնահատականները 100%-ով նույնն են… Ադրբեջանական կողմը և ընդդիմությունը, այդ թվում՝ Դաշնակցությունը, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստանը», այդ թվում՝ «Հայաստանը», ասում են՝ Նիկոլ Փաշինյանն ասեց «Արցախը Հայաստան է և վերջ» և սադրեց պատերազմ»,- ասաց Ռուբինյանը։
ԱԺ նախագահը հարց բարձրացրեց, թե ում հրահանգով է ընդդիմությունը Հայաստանին մեղադրում պատերազմ հրահրելու մեջ։
Ռուբինյանն անդրադարձավ նաև ընդդիմության կողմից վկայակոչված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկույցին։ Նա նշեց, որ այդ փաստաթղթում արձանագրված է Հայաստանի ընտրական գործընթացի վրա օտարերկրյա ազդեցության փորձերի մասին, այդ թվում՝ տնտեսական սահմանափակումների միջոցով։
«Այդ զեկույցում… սևով սպիտակին գրած է, որ քարոզարշավի ժամանակ օտարերկրյա պետությունը Հայաստանի դեմ տնտեսական սահմանափակումներ է կիրառել, որպեսզի ժողովրդին մղի քվեարկել ընդդիմությանը, այսինքն՝ ձեզ: Հասկանո՞ւմ եք․ ԵԽԽՎ բանաձևն ասում է, որ դուք օտարերկրյա ազդեցության գործակալներ եք»,- հայտարարեց Ռուբինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան