Քաղաքականություն
17.11.2026 | 14:13
Ադրբեջանում ներկայում ռուսերենով կրթություն է ստանում 157 հազար աշակերտ, ադրբեջանական բաժնում 1 միլիոն 570 հազար աշակերտ կա։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն՝ Միլի Մեջլիսի լիագումար նիստում հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
Ադրբեջանցի պատգամավորը նշել է, որ ազգային ինքնությունն ու ազգային գաղափարախոսությունը ձևավորվում են կրթության գործընթացում ու դեմ է արտահայտվել պետական բյուջեից ռուսերենով կրթության ֆինանսավորմանը։
«Պետական բյուջեի տարեկան ծախսերը մեկ աշակերտի հաշվով կազմում են 2 հազար մանաթ։ Արդյո՞ք Ադրբեջանում կան աշակերտներ, որոնք պետական միջոցների հաշվին կրթություն են ստանում անգլերենով կամ չինարենով։ Գործնականում՝ ոչ։ Այդ դեպքում ի՞նչ առանձնահատուկ կարգավիճակ ունի ռուսերենն Ադրբեջանում, որ 157 հազար աշակերտ կրթություն է ստանում այդ լեզվով, իսկ պետությունը հոգում է այդ ծախսերը։ Ինչո՞ւ։ Այս հարցի շուրջ անհրաժեշտ է մտածել։ Նման իրավիճակ է նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում»,- հայտարարել է պատգամավորը։
Հավելենք, որ 2025 թվականին Բաքվի և Մոսկվայի հարաբերությունների լարվածության ֆոնին Ադրբեջանում տեղեկություններ էին շրջանառվում, որ երկրում ռուսալեզու դպրոցները փակվելու են։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի