Հայաստանի բուհերի հինգ ուսանողների առաջարկել ենք պատկերացնել, որ մեկ օրով դարձել են իրենց համալսարանի ռեկտորը
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Չեղարկել առավոտյան ժամը իննի պարապմունքները, դասախոսներին ուղարկել քննություն հանձնելու, կարգավորել անարդար գնահատականների հարցը և վերջապես կարգի բերել լսարանների ջեռուցումը։
Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ «Նովոստի-Արմենիա»-ն հայաստանյան բուհերի հինգ ուսանողների առաջարկել է պատկերացնել, որ մեկ օրով դարձել են իրենց համալսարանի ռեկտորը։
Պարզվել է, որ հումորային առաջարկների հետևում թաքնված են միանգամայն լուրջ հարցեր՝ ինչու ուսանողներին միշտ չէ, որ բացատրում են գնահատականները, որքանով է օգտակար համալսարանական պրակտիկան և ինչն է խանգարում որակյալ կրթություն ստանալուն։
Հենց մասնակիցների խնդրանքով խմբագրությունը չի բացահայտում նրանց անուններն ու այն համալսարանների անվանումները, որտեղ նրանք սովորում են։
Եվ այսպես՝ հինգ ուսանող՝ ռեկտորի հինգ հրամանագիր։
Հրամանագիր №1. Չեղարկել առավոտյան ժամը 9-ի դասերը
«Ուսանողն էլ է մարդ»՝ թերևս հենց այս կարգախոսի ներքո կսկսեր իր ռեկտորությունը չորրորդ կուրսի ուսանող Ա. Ա.-ն։
Առաջին հերթին նա կվերանայեր դասացուցակը։
«Եթե դառնայի ռեկտոր, առաջին հերթին կփորձեի այնպես անել, որ համալսարան հաճախելը լիներ ոչ թե պարտականություն, այլ հաճույք։ Իսկ առավոտյան ժամը 9:00-ի դասերը հաստատ կվերանայեի», — ասում է նա։
Սակայն միայն դասացուցակի փոփոխությամբ գործը չէր սահմանափակվի։
Ուսումնական ծրագրում կհայտնվեր նոր առարկա՝ «Ինչպես ապրել ուսանողական կյանքով և չխելագարվել»։
Իսկ դասախոսները ստիպված կլինեին քննություններ հանձնել։ Հատկապես նրանք, ովքեր խոստանում են, որ քննությանը որոշակի հարցեր չեն լինի, իսկ հետո տալիս են հենց դրանք։
Հրամանագիր №2. Հեռացնել «սկոտչը» պատուհաններից և միացնել ջեռուցումը
Մեկ այլ չորրորդկուրսեցու՝ Մ. Ա.-ի ծրագիրն ավելի լուրջ է և ծայրահեղ գործնական։
Առաջին հերթին նա կզբաղվեր համալսարանական մասնաշենքերով։
Ուսանողի խոսքով՝ ձմռանը որոշ լսարանների պատուհանները փակում են «սկոտչով», իսկ ամռանն այն չեն հեռացնում, ինչի հետևանքով տարվա տաք եղանակին տարածքը հնարավոր չէ նորմալ օդափոխել, իսկ ձմռանը ջեռուցման հետ կապված խնդիրներ են առաջանում։
«Եթե լինեի ռեկտոր, առաջին հերթին կփորձեի ուսման վարձերի հաշվին ձևավորվող բյուջեն ուղղել մասնաշենքերի վերանորոգմանը», — ասում է նա։
Հաջորդը՝ տեխնիկական հագեցվածությունը։ Նրա խոսքով՝ մասնաշենքում կա ընդամենը մեկ նորմալ կահավորված լսարան, որը գրեթե միշտ զբաղված է։ Մնացածում տեխնիկան կա՛մ բացակայում է, կա՛մ աշխատում է խափանումներով։
Հարցեր կան նաև ուսումնական նյութերի որակի վերաբերյալ. ուսանողը կցանկանար դասախոսությունների ժամանակ ստանալ ավելի շատ արդիական տեղեկատվություն, այլ ոչ թե այն, ինչն իր կարծիքով կարելի է ինքնուրույն գտնել Google-ում։
Հրամանագիր №3. Բացատրել գնահատականները և կանոնները դարձնել հասկանալի
Չորրորդ կուրսի ուսանող Լ. Բ.-ն կսկսեր գնահատման համակարգի և անվճար տեղերի բաշխման վերանայումից։
Նա պատմել է մի իրավիճակի մասին, երբ կուրսում ևս մեկ ուսանողի հայտնվելուց հետո, որը նախկինում նույնպես սովորել էր անվճար, անվճար տեղերի պահպանման հարց է ծագել։ Նրա խոսքով՝ կանոններն ու հնարավոր հետևանքները ուսանողներին նախապես չեն պարզաբանել, իսկ արդյունքում անվճար սովորելու իրավունքը պահպանել է մեկ այլ անձ։
«Ես կարծում եմ, որ նա իսկապես արժանի էր անվճար սովորելու, բայց ինձ համար անհասկանալի էր համալսարանի մոտեցումը», — պատմում է ուսանողը։
Սակայն նրա համար խնդիրը միայն ուսման արժեքը չէ։
«Եղել են դեպքեր, երբ ստացել եմ ցածր գնահատական, բայց դասախոսը չի կարողացել հիմնավորել այն։ Եթե դառնայի ռեկտոր, կցանկանայի, որ ուսանողը զգար՝ իր աշխատանքն ու առաջադիմությունն իսկապես գնահատվում են», — ասում է նա։
Նրա գլխավոր պահանջը պարզ է. ուսանողը պետք է հասկանա, թե ինչի համար է ստանում գնահատականը և ինչ կանոններով են կայացվում իր ուսման վրա ազդող որոշումները։
Հրամանագիր №4. Լավ դասավանդելը նույնպես պարտականություն է
Հեռակա բաժնի հինգերորդ կուրսի ուսանողուհի Տ. Տ.-ն կկենտրոնանար կրթության որակի վրա։
Նրա կարծիքով՝ համալսարաններին անհրաժեշտ է դասավանդման նկատմամբ ավելի օբյեկտիվ վերահսկողություն։ Նա հանդես է գալիս ուսուցման ժամանակակից և ինտերակտիվ մեթոդների օգտին, որոնք ուսանողներին թույլ են տալիս ոչ թե պարզապես լսել դասախոսությունները, այլ իսկապես յուրացնել նյութը։
Եվս մեկ կարևոր պայման՝ միանման կանոններ բոլորի համար։
Ուսանողուհու դիտարկմամբ՝ դասախոսների անձնական համակրանքը երբեմն կարող է ազդել սովորողների նկատմամբ վերաբերմունքի և նույնիսկ գնահատականների վրա։
Իր ղեկավարած համալսարանում գիտելիքները պետք է ավելի մեծ նշանակություն ունենան, քան անձնական հարաբերությունները։ Իսկ դիպլոմը՝ հաստատեր իրական մասնագիտական կարողությունները։
Հրամանագիր №5. Պրակտիկան վերածել իրական աշխատանքի
Երկրորդ կուրսի ուսանողուհի Լ. Ա.-ն կսկսեր պարտադիր պրակտիկայի ստուգումից։
Մի անգամ նա բախվել է մի իրավիճակի, երբ ուսանողները եկել են կազմակերպություն, որտեղ պետք է անցնեին պրակտիկա, սակայն դրա աշխատակիցները նույնիսկ տեղյակ չեն եղել նրանց այցի մասին։
«Ինձ համար կարևոր է, որ պրակտիկան ձևական բնույթ չկրի։ Եղել են դեպքեր, երբ այն բավականին վատ էր կազմակերպված. նույնիսկ այն կազմակերպության աշխատակիցները, ուր մենք եկել էինք, չգիտեին, որ իրենց մոտ պետք է ուսանողներ գան», — պատմում է նա։
Նրա կարծիքով՝ համալսարանը պետք է նախապես պայմանավորվի կազմակերպությունների հետ, մանրակրկիտ ընտրի պրակտիկայի վայրերը և հետևի, որ ուսանողներն իսկապես մասնակցեն աշխատանքային գործընթացին։
Չէ՞ որ պրակտիկայի իմաստը ոչ թե պարզապես այն անցնելու մասին նշում ստանալն է, այլ սեփական ուժերն ապագա մասնագիտության մեջ փորձելը։
Իսկ ի՞նչ ունենք արդյունքում
Հինգ ուսանողներ առաջարկել են հինգ տարբեր ծրագրեր։
Մեկը ցանկանում է առավոտյան մի փոքր երկար քնել, մյուսը՝ սովորել տաք լսարանում, երրորդը՝ հասկանալ, թե ինչի համար են իրեն գնահատականներ նշանակում։ Մյուսների համար ավելի կարևոր են դասավանդման որակն ու իրական մասնագիտական փորձ ձեռք բերելու հնարավորությունը։
Սակայն բոլոր պատասխանները միավորում է մեկ ակնկալիք՝ համալսարանը պետք է լինի այնպիսի միջավայր, որտեղ ուսանողը ոչ միայն գիտելիք է ստանում, այլև զգում է, որ իր կարծիքը լսելի է, աշխատանքը գնահատվում է, իսկ կրթությունն օգնում է պատրաստվել իրական մասնագիտական կյանքին։