Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Եվրահանձնաժողովի, Եվրոպական խորհրդի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն առաջին անգամ՝ որպես Ռուսաստանի հետ բանակցությունների համար նախապես ընտրված միասնական թիմ, մասնակցել են Ուկրաինայի իշխանությունների և ԱՄՆ-ի միջև խաղաղության շուրջ քննարկումներին։ Այս մասին նոյեմբերի 16-ին տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ քննարկումն անցկացվել է աշխատանքային խմբերի մակարդակով՝ ուկրաինական, ամերիկյան և եվրոպական բանակցային թիմերի մասնակցությամբ։
«Դիվանագիտական ջանքերը ակտիվորեն շարունակվում են, և մենք հույս ունենք, որ դրանք ապարդյուն չեն լինի։ Մեր թիմն աշխատում է առավելագույնս կառուցողական։ Մեզ անհրաժեշտ է պատերազմի արժանապատիվ ավարտ և Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ»,– հայտարարել է Զելենսկին։
ԱՄՆ-ից խորհրդակցություններին մասնակցել են նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները։
Քննարկումն անցկացվել է առցանց ձևաչափով, իսկ բանակցային թիմերի առերես հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 19-ին Բեռլինում՝ «Կամավորների կոալիցիայի» շրջանակում։