«Ի՞նչ եք առաջարկում՝ մեր ստացած մանդատը դավաճանե՞նք, գանք ձեր հետ հանցակից լինե՞նք, վերազանցե՞նք իշխանությունը՝ ինչի՞ համար, արտաքին պահանջ կատարելու համա՞ր»․ Քրիստինե Վարդանյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

«Եթե մի կողմ թողնենք քաղաքական կսմիթները, ես կարծում եմ՝ մի շատ կարևոր միտք հնչեց մեր ընդդիմադիր երկու խմբակցության ներկայացուցիչների կողմից՝ «Ուժեղ Հայաստանից» Էդգար Ղազարյանը և «Հայաստան» խմբակցությունից՝ Արթուր Խաչատրյանը։ Երկուսն էլ հնչեցրին հետևյալ միտքը՝ ասացին՝ հա՛, հետո՞ ինչ, որ դուք դեմ եք մեր բերած հայտարարության նախագծին, կողմ քվեարկեք, որ մտնի օրակարգ, քննարկենք»,- խորհրդարանում հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

ՔՊ-ն, հիշեցնենք, դեմ քվեարկեց «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների արդյունքում հրապարակված հայտարարության նախագծին։ Այն չընդգրկվեց քառօրյա նիստերի օրակարգում։ Հարցի վերաբերյալ թեժ քննարկում ծավալվեց։

Նա հակընդդեմ առաջարկով հանդես եկավ․ «Համաձա՞յն եք որդեգրել այս տրամաբանությունը խորհրդարանական բոլոր գործընթացների վերաբերյալ։ Եթե ինքը գալիս այստեղ հայտարարում է, որ այսուհետ մենք չենք խոչընդոտում հարցերի քննարկմանը Ազգային ժողովի նիստերի դահլիճում և համաժողովրդական քննարկմանը, ապա մենք ցանկացած պահի կողմ ենք քվեարկում, որպեսզի թեկուզ այն հայտարարությունների նախագծերը, որոնց մենք դեմ ենք, որպեսզի մտնեն օրակարգ, քննարկենք։ Դուք էլ կողմ եք քվեարկում նոր Սահմանադրության նախագծին, որպեսզի ժողովրդին քննարկման հնարավորություն տաք։ Շատ պարզ։ Ես կարծում եմ, պարոն Խաչատրյան, դուք շատ հետևողական անձնավորություն եք և կհետևեք ձեր իսկ առաջարկած քաղաքական տրամաբանությանը, և մենք կհասնենք շատ կարևոր խորհրդարանական հանգրվանի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռուբեն Ռուբինյանի առաջարկին պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը․ «Սիրելի՛ հայրենակիցներ, կհարցնեք՝ ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ է կատարվում իշխանության հետ, ինչո՞ւ են այսքան վրդովվել։ Ընդդիմությունը լսում է արել, ոչ մի այլ բան տեղի չի ունեցել։ Համարձակվել է ժողովրդավարության բաստիոնում լսումներ հրավիրի։ Էլ «գող-փիսո», էլ «քաչալ-շուն», էլ «ԿԳԲ-ի ագենտ», էլ «օտարերկրյա գործակալ»… Ժողովուրդ ջան, լսումներ ենք արել, մի քիչ ավելի թեթև տարեք, բաստիոնի ներկայացուցիչներ ջան։ Ժողովրդի ծոցից դուրս եկած ՔՊ-ին քիմքին քաղաքական… պարզվում է՝ հաջող չեն եղել այս ամբիոնում ելույթ ունեցող մեր որոշ հայրենակիցների մտքերը, չեն կարողանում հաշտվել, ասում են՝ ով է պատասխանատու այդ մտքերի համար։ Ամեն մարդ պատասխանատու է իր մտքերի համար։ Լսումները հենց դրա համար են հանրային, որ հանրության տարբեր շերտերը իրենց տեսակետները ներկայացնեն։ Ինչի՞ եք խառնվել իրար, ի՞նչ է կատարվում ձեր հետ»։

«Գնացել ենք ընտրությունների, դուք ասել եք՝ պիտի այս Սահմանադրությունը անցկացնենք, 70% մեզ տվեք։ Մենք ասել ենք՝ պատի պես կանգնելու ենք դրա դեմ։ Ձեզ 70% չեն տվել, մեզ տվել են այնքան ձայն, որ կարող ենք դեմ լինենք։ Հիմա ի՞նչ եք առաջարկում՝ մեր ստացած մանդատը դավաճանե՞նք, գանք ձեր հետ հանցակից լինե՞նք, վերազանցե՞նք իշխանությունը՝ ինչի՞ համար, արտաքին պահանջ կատարելու համա՞ր։ Այսինքն՝ ի՞նչ եք առաջարկում ընդդիմությանը․ այն մանդատը, որ ինքը գնացել է քաղաքներում, գյուղերում ասել է՝ «այս եմ անելու, պատի պես կանգնելու եմ», եկել եք ասում եք, որ մի հատ՝ ձեր առաջարկած նախագիծը քննարկենք, այդ մանդատին դավաճանե՞ք։ Մենք ձեր պես չենք, մենք չենք գնալու մարդկանց մի բան ասենք, գանք հակառակը անենք։ Դրա մասին մոռացե՛ք, դրա հետ չեք կարողանում հաշտվել։ Այո՛, ճիշտ եք ասում՝ ժողովուրդը պիտի որոշի։ Ժողովրդին հարցրել են, որոշել է, համակերպվե՛ք այդ որոշման հետ։ Մենք մենակ այդ ենք ասում, մենք այդ որոշման տերն ենք լինելու»,- Ռուբինյանի համագործակցության առաջարկի մասին ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Հայաստան» խմբակցության անունից իր ելույթում Լիլիթ Գալստյանն ասաց․ «Պարոն Ռուբինյան, ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության զեկույցը հորդորում է Հայաստանի իշխանություններին դադարեցնել ընդդիմության նկատմամբ ընտրովի քրեական հետապնդումը, ընտրություններին առնչվող դատավարություններում ապահովել պատշաճ դատավարություն բոլոր երաշխիքներով, իրավապահ մարմինների գործելակերպը համապատասխանեցնել մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին և երաշխավորել բոլոր քաղաքական ուժերի խաղաղ հավաքների և բողոքի իրավունքը։ Զեկույցը նաև շատ կարևոր մի արձանագրում է կատարում, թե ինչպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից մի քանի տեղամասերի արդյունքների բացառումը, ոչ պատշաճ իրավական վարույթները հանգեցրին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մանդատների կորստին՝ այդպիսով խաթարելով կամ ոտնահարելով հազարավոր քաղաքացիների ընտրության իրավունքը։ Դա ամենամեծ քաղաքական իրավունքներից մեկն է»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment