Ջենսեն Հուանգը հայտնվել է «աշխարհի ամենահին ծուղակում»

Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը հայտնվել է մի պատմության կենտրոնում, որը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ նույնիսկ տեխնոլոգիական հսկայի ղեկավարը կարող է ընկնել «աշխարհի հնագույն» ծուղակը՝ տեղեկատվություն ստանալու կամ ազդեցություն ձեռք բերելու նպատակով ռոմանտիկ հարաբերությունների օգտագործման մեջ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով կորպորատիվ անվտանգության փորձագետներին և ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցներին։

Քննարկումների առիթ են դարձել Հուանգի հարաբերությունները գործարար Էլիս Հուանգի հետ։ Ամերիկացի պաշտոնյաները նրան կասկածում են Չինաստանի հետախուզական ծառայությունների համար աշխատելու մեջ։ Այս վարկածը պաշտոնապես հաստատված չէ, իսկ Պեկինը հերքում է բոլոր մեղադրանքները։

«Այս տեսակի ծուղակը մարդկության պատմության չափ հին է։ Այն վկայում է մարդկային անփոփոխ թուլության մասին, որը կարելի է օգտագործել», – պարբերականը մեջբերում է կորպորատիվ սպառնալիքների գնահատմամբ զբաղվող SRW ընկերության ղեկավար Ռենդի Ուոթի խոսքերը։ Նրա կարծիքով՝ այժմ խոշոր կորպորացիաների բազմաթիվ բարձրաստիճան ղեկավարներ, ամենայն հավանականությամբ, վերանայում են իրենց հարաբերությունները սիրելիների հետ։

Կորպորատիվ հետախուզությամբ զբաղվող Interfor International ընկերության ղեկավար Դոն Ավիվը պատմել է, որ վերջին երեք տարիներին իր ընկերությունը խոշոր կազմակերպությունների համար շուրջ մեկ տասնյակ հետաքննություն է իրականացրել։ Դրանք բոլորը վերաբերել են «մեղրի ծուղակներին», անձնական կապերին, հարկադրանքին կամ շանտաժին։ Նրա խոսքով՝ նման դեպքեր մշտապես տեղի են ունենում ամենատարբեր ոլորտներում, սակայն Հուանգի պատմությունը մեծ ուշադրություն է գրավել նրա հարստության և հանրային ճանաչման պատճառով։

The Guardian-ի զրուցակիցների խոսքով՝ խնդրի հիմքում մարդկային գործոնն է։ Ամերիկյան խոշոր կորպորացիաներից մեկում գլոբալ անվտանգության համար պատասխանատու Էդուարդո Ջեյնին նկատել է, որ լրտեսության մասին պատկերացումները սովորաբար սահմանափակվում են գաղտնի ներթափանցմամբ, գաղտնալսմամբ և հսկողությամբ։ Իրականում, սակայն, շատ ավելի հաճախ խոսքը սոցիալական ինժեներիայի՝ մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու մասին է։

Թույլ կողմերը բացահայտելու համար չարագործներն օգտագործում են սոցիալական ցանցերից և տեղեկատվական բազաներից ստացված տվյալները։ Օրինակ՝ տեղեկություններ աշխատակցի միայնության, կախվածությունների կամ մոլախաղերի նկատմամբ հակվածության մասին։ Կապեր են հաստատվում նաև գործարար առաջարկների քողի տակ։

The Guardian-ը նշում է, որ ընկերությունների բարձրաստիճան ղեկավարներին պաշտպանելը շատ ավելի դժվար է, քան շարքային աշխատակիցներին։ Նրանք ավելի մեծ ինքնուրույնություն և իշխանություն ունեն, ինչի պատճառով ենթակաների համար դժվար է նրանց զգուշացնել ռիսկային վարքագծի մասին։ Teneo ընկերության անվտանգության ռիսկերի խորհրդատվական ուղղության նախագահ Բրայան Սթիվենսը բացատրել է, որ խորհրդատուները ստիպված են հաջողակ և խելացի մարդկանց զգուշորեն բացատրել, որ իրենք կարող են մանիպուլյացիայի զոհ դառնալ։

Teneo-ի կիբերանվտանգության և տեխնոլոգիական լուծումների ղեկավար Էլիզաբեթ Բաքլին հավելել է, որ ղեկավարները կարող են ժխտել իրենց նկատմամբ հետախուզական հետաքրքրությունը կամ պնդել, թե իրենց մասին առանց այդ էլ ամեն ինչ հայտնի է։ Նրա խոսքով՝ դա պաշտպանական արձագանք է՝ պայմանավորված կենսակերպը փոխելու անհրաժեշտությամբ։

Կորպորատիվ հետախուզության և անվտանգության մի քանի մասնագետներ The Guardian-ին խոստովանել են, որ դժվարանում են պատկերացնել, թե Nvidia-ում չկային մարդիկ, որոնք հետևում էին Հուանգի հանդիպումներին և տեղաշարժերին, հատկապես արտերկրում գտնվելու ժամանակ։ Հետաքննության առանցքային հարցերից մեկն այն է, թե ով է տեղյակ եղել նրա հարաբերությունների մասին և արդյոք ընկերության ներսում որևէ մեկը տեղեկացրել է հնարավոր ռիսկերի մասին։

Nvidia-ն թերթի հարցերին չի պատասխանել Հուանգի սիրային կապերի և այն մասին, թե երբ է իմացել հետախուզության հետ ենթադրաբար կապ ունեցող կնոջ հետ նրա հարաբերությունների մասին։ Չինաստանի իշխանությունները հերքել են այս պատմությանն իրենց առնչությունը և կորպորատիվ լրտեսության մեղադրանքները՝ հրապարակումները որակելով որպես ՉԺՀ-ին վարկաբեկելու փորձ։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment