ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նախագահ Քևին Ուորշը Սան Ֆրանցիսկոյում հանդես է եկել ամերիկյան տնտեսության վրա արհեստական բանականության ազդեցության վերաբերյալ հայտարարությամբ, հայտնում է CNBC-ն։ Կարգավորող մարմնի ղեկավարը շեշտել է, որ նոր տեխնոլոգիաները կարող են ինչպես զգալի տնտեսական օգուտներ բերել, այնպես էլ հանգեցնել աշխատատեղերի զանգվածային կորստի կամ չարդարացնել ներդրողների չափազանցված սպասումները։
Արտադրողականության և զբաղվածության հարցերով հատուկ աշխատանքային խմբի առջև ելույթ ունենալով՝ Ուորշը նշել է, որ արհեստական բանականությունը էական ազդեցություն կունենա տնտեսության վրա և կարևոր հետևանքներ կունենա դրամավարկային քաղաքականության համար։ Նա ներկայացրել է իրադարձությունների զարգացման երեք հնարավոր սցենար։
Լավագույն սցենարի դեպքում տեխնոլոգիաները կարագացնեն իրական տնտեսական աճը՝ պահպանելով լիարժեք զբաղվածությունը։ Բացասական սցենարը ենթադրում է գործազրկության աճ՝ ավտոմատացման հետևանքով։ Երրորդ սցենարը հիասթափության հավանականությունն է. խոշոր կապիտալ ներդրումներից և ֆոնդային շուկայի աճից հետո սպասվող եկամտաբերությունը կարող է նվազել, իսկ բաժնետոմսերի արժեքը՝ ընկնել, ինչը կհանգեցնի տնտեսական աճի դանդաղման։
Իր ելույթում Ուորշը «արհեստական բանականություն» արտահայտության փոխարեն օգտագործել է «գերբանականություն» եզրույթը՝ այն բնութագրելով որպես հասարակության տնտեսական կյանքում ի հայտ եկած բոլորովին նոր ուժ։ Վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել էր, որ ամերիկյան կառավարությունը գրեթե բացառապես օգտագործի հենց այս հասկացությունը։
ԴՊՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր Ուորշը բազմիցս ընդգծել է արհեստական բանականության կարևորությունը՝ որպես գնանկման հնարավոր գործոնի։ Տնտեսական տարբեր ասպեկտներն ուսումնասիրելու նպատակով նա նաև ստեղծել է ևս չորս աշխատանքային խումբ, որոնք զբաղվում են կարգավորող մարմնի հաղորդակցության, տվյալներից կախվածության, հաշվեկշռային քաղաքականության և գնաճային շրջանակների հարցերով։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։