Ի՞նչ հարցեր է բարձրացրել հայկական պատվիրակությունը Մոսկվայում կայացած համաժողովում

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ազգի իրական ազատությունը սեփական ինքնությունը պահպանելու իրավունքն է, և նույն իրավունքն ունի նաև Արցախի ժողովուրդը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում անցկացված «Հանուն ազգերի ազատության» միջազգային համաժողովի ժամանակ։

Նա հիշեցրել է, որ այսօր միջազգային իրավունքը կիրառվում է ընտրովի։

«Այսպես, Արցախի բնակիչները ենթարկվել են էթնիկ զտման և ստիպված են եղել լքել իրենց հայրենի հողը, իսկ Արցախի ղեկավարությունն ապօրինի պահվում է ադրբեջանական բանտերում։ Նրանց ազատության համար պայքարը յուրաքանչյուրի պարտքն է, ով հավատում է արդարությանը և պայքարում դրա ցանկացած դրսևորման դեմ»,– հայտարարել է Շարմազանովը։

Համաժողովին մասնակից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ելույթ է ունեցել «Ընտրական նեոգաղութատիրություն․ աշխարհի երկրների քաղաքական ինքնիշխանության ամրապնդումը և ժողովրդավարական գործընթացների անաչառ գնահատման մեխանիզմների ստեղծումը» խորագրով զուգահեռ նիստում։

Իր խոսքում նա, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարության, քաղաքական ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված լուրջ մտահոգություններին։

Տոնոյանը խոսել է ընդդիմության առաջնորդների կալանավորման և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված անհիմն քրեական գործի մասին՝ ընդգծելով, որ նման իրողությունները հակասում են ժողովրդավարության և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին։

«Համոզված եմ, որ ազատությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը չեն կարող լինել ընտրովի արժեքներ։ Եվ ինչպես նշել եմ իմ ելույթում՝ ազգերի ազատության հիմքում մարդու ազատության նկատմամբ հարգանքն է։ Պետության ազատությունը սկսվում է հենց մարդու ազատությունից»,– հայտարարել է նա։

Նշենք, որ «Հանուն ազգերի ազատության» միջազգային համաժողովը ռուսական իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ 2024 թվականին ստեղծված միջազգային քաղաքական հարթակ և շարժում է։ Այն միավորում է Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի ու Եվրոպայի շուրջ 50-60 երկրների քաղաքական կուսակցությունների և շարժումների ներկայացուցիչների։ Շարժման նպատակն է համախմբել ուժերը՝ հակազդելու «արևմտյան հեգեմոնիային», պատժամիջոցների քաղաքականությանը, ինչպես նաև ֆինանսական, տեղեկատվական և «էլեկտորալ նեոգաղութատիրության» (ընտրական գործընթացներին արտաքին միջամտության) դրսևորումներին։

Գլխավոր ասամբլեան այս տարի անցկացվում է Մոսկվայում 2026 թվականի նոյեմբերի 15-17-ը։

Leave a comment