Ամերիկյան ընկերությունները ցանկանում են Թուրքիայից գազային տուրբիններ գնել

ԱՄՆ-ի մի շարք ընկերություններ բանակցություններ են վարում Թուրքիայում գործող բնական գազով աշխատող էլեկտրակայանների սեփականատերերի հետ՝ կայանները գնելու և դրանց տուրբինները ԱՄՆ տեղափոխելու նպատակով։ Այս մասին հայտնում է թուրքական «ANKA» գործակալությունը։

Աղբյուրների փոխանցմամբ՝ ամերիկյան ընկերությունները նախատեսում են վերանորոգել տուրբիններն ու օգտագործել դրանք տվյալների կենտրոնների էներգիայի պահանջարկը բավարարելու համար։

Գազային տուրբինների պահանջարկի աճի և նոր սարքավորումների մատակարարման երկար ժամկետների պատճառով ամերիկյան ընկերությունները նախընտրում են ձեռք բերել արդեն շահագործվող տուրբիններ։

Միևնույն ժամանակ, թուրքական էներգետիկ ոլորտի ներկայացուցիչները դեմ են էլեկտրակայանների ապամոնտաժմանն ու ԱՄՆ տեղափոխմանը։

Նրանց խոսքով՝ բնական գազով աշխատող կայաններին բաժին է ընկնում Թուրքիայի էլեկտրաէներգիայի արտադրական հզորությունների շուրջ 20 տոկոսը, և դրանց դուրսբերումը կարող է խաթարել երկրի էներգետիկ համակարգի հավասարակշռությունը։

Աղբյուրը՝ Ermenihaber։

Leave a comment