Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում

Հասարակություն

16.11.2026 | 20:49

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Քըրք Քըրքորյան փողոցի 23/22 հասցեում, նախատեսվում է բազմաբնակարան բնակելի համալիր կառուցել։ Երևանի ավագանուն առաջարկվում է նախնական համաձայնություն տալ «ԱՍՏՈՐԻԱ» ՍՊԸ-ի ներկայացրած նախագծին։ Հարցն ընդգրկված է նոյեմբերի 17-ի նիստի օրակարգում չզեկուցվող հարցերի փաթեթում։

Որոշման նախագծում նշված է, որ առաջին հանրային լսումը տեղի է ունեցել 2026 թվականի հոկտեմբերի 12-ին՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում։ Ըստ որոշման նախագծին կից տեղեկանքի՝ շահագրգիռ հանրությունից գրավոր կամ էլեկտրոնային եղանակով առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ չեն ներկայացվել։

Նախագծի համաձայն՝ կառուցապատման համար նախատեսված հողամասի մակերեսը 4009.8 քառակուսի մետր է։ Երևան համայնքի կողմից հոկտեմբերի 8-ին տրված նախագծման թույլտվությամբ սահմանվել է, որ կանաչապատ տարածքը պետք է կազմի հողամասի առնվազն 50 տոկոսը՝ 2004.9 քառակուսի մետր։

Ներկայացրած էսքիզային նախագծով կանաչապատման մակերեսը կազմում է 2010 քառակուսի մետր։ 

Որոշման նախագծով առաջարկվում է նախնական համաձայնություն տրամադրել «ԱՍՏՈՐԻԱ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված նախատեսվող գործունեությանը։ 

Համաձայնության դեպքում, Երևանի քաղաքապետը պետք է ավագանու որոշումը, հանրային լսման արձանագրությունն ու լուսանկարները կամ տեսաձայնագրությունը սահմանված կարգով տրամադրի լիազոր մարմնին և նախաձեռնողին։

Նախնական համաձայնությունը վերաբերում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացին։

Արփի Հակոբյան

Leave a comment