ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ԿԶՆ նորարարական կենտրոնը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության (ԲՏԱԱԲ) նախարարության հետ համագործակցությամբ, նոյեմբերի 13–14-ին անցկացրեց «Արհեստական բանականության օրեր 2026» համապետական նախաձեռնությունը՝ «Ներառական ապագա՝ բոլորի մասնակցությամբ» խորագրով։
Երկու օրվա ընթացքում արհեստական բանականության (ԱԲ) անվտանգ և պատասխանատու կիրառման մասին զրույցն ընդգրկեց Երևանը և Հայաստանի բոլոր 10 մարզերը։ «ԱԲ օրերի» թեմատիկան ընդգրկում էր ԱԲ գրագիտությունը, կիբեռանվտանգությունը, ԱԲ կառավարման սկզբունքներն ու հանրային քաղաքականությունը, ապագայի աշխատանքի և հմտությունների մասին քննարկումները, ինչպես նաև քաղաքացիների մասնակցությունը ԱԲ-ի ապագայի շուրջ հանրային երկխոսությանը։
Նոյեմբերի 13-ին ՄԱԶԾ-ի 12 գործընկեր կազմակերպություն անցկացրեց 16 միջոցառում՝ անվճար բաց դասեր, վերապատրաստումներ, գործնական աշխատարաններ, ֆորումներ և քննարկումներ։ Նախաձեռնությանը միացավ 159 դպրոց։
«ԱԲ օրեր 2026»-ի գլխավոր միջոցառումը՝ «ԱԲ Ագորա»-ն (AI Agora), նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային պատկերասրահում։ Հին Հունաստանի ագորայի օրինակով՝ Ագորան մեկ հարկի տակ հավաքեց կառավարության ներկայացուցիչներին, ԱԲ գիտնականներին ու ճարտարագետներին, տեխնոլոգիական ոլորտի, բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, միջազգային գործընկերներին, ուսուցիչներին և ուսանողներին և լայն հանրությանը։ Ավանդական համաժողովից տարբերվելով՝ այն կառուցված էր մասնակցային ձևաչափերով. երկու «ֆիշբոուլ» (fishbowl) քննարկումներում մեկ աթոռը մշտապես բաց էր հանդիսատեսի համար, քննարկումներին հաջորդում էին լսարանի հարցերը, իսկ ընդմիջմանը մասնակիցները զրուցում էին փորձագետների հետ «Հարցրո՛ւ փորձագետին» ձևաչափով։
Ագորան ողջույնի խոսքով բացեց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։
«ՄԱԶԾ-ի Մարդկային զարգացման 2025 թ. զեկույցը նվիրված է արհեստական բանականությանը, և դրա գլխավոր ուղերձն այն է, որ ԱԲ-ի ազդեցությունը մարդկանց կյանքի վրա կանխորոշված չէ։ Այն ընտրության հարց է՝ կառավարությունների, բիզնեսի և հասարակությունների ընտրության։ Եթե ուզում ենք, որ այդ ընտրությունները ծառայեն մարդկանց, մարդիկ պետք է մասնակցեն դրանց»,– ասաց Նաթիա Նացվլիշվիլին։
Նրա խոսքով՝ ՄԱԶԾ-ի նպատակն ԱԲ գրագիտությունն է Հայաստանում յուրաքանչյուրի համար՝ անկախ տարիքից, մասնագիտությունից և բնակության վայրից. «Սա նշանակում է ժողովրդավարական և մասնակցային ԱԲ, որը ոչ ոքի չի թողնում ետևում, անվտանգ է և առաջնորդվում է հստակ ու վստահելի կանոններով»։
«Արհեստական բանականություն՝ մարդկանց, աշխատանքի և ժողովրդավարության համար» խորագրով Ագորայում անցկացվեց երկու քննարկում։ «Ո՞րն է Հայաստանի ԱԲ ներուժը, և ի՞նչ է անհրաժեշտ այն իրացնելու համար» առաջին քննարկմանը մասնակցեցին ՀՀ ԲՏԱԱԲ փոխնախարար Տաթև Ասլանյանը, NVIDIA ընկերության ավագ հետազոտող Էրիկ Առաքելյանը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։ Զրույցի առանցքում էր այն հարցը, թե ինչպես Հայաստանում ստեղծվող հաշվողական հզորությունը վերածել հետազոտական արդյունքների ու մրցունակ ԱԲ արտադրանքի, ինչպես ձևավորել ուժեղ հետազոտական թիմեր և աջակցել հայկական ԱԲ ընկերություններին՝ գաղափարից մինչև առաջին հաճախորդ։
«Պատրաստ ԱԲ-ին. կրթությունը, աշխատանքը և կյանքը Հայաստանում՝ արհեստական բանականության դարաշրջանում» երկրորդ քննարկմանը մասնակցեցին ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Աննա Բաբաջանյանը, ՀՀ ԲՏԱԱԲ փոխնախարար Արամայիս Գրիգորյանը և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի Նորարարությունների և ԿԶՆ ֆինանսավորման պորտֆելի թիմի ղեկավար Տիգրան Ճորոխյանը։ Քննարկվեց, թե ինչպես պետք է դպրոցը փոխի ուսուցման ու գնահատման ձևերը, ինչ աջակցություն է անհրաժեշտ մարզերի ուսուցիչներին, ինչպես ԱԲ կարգավորման հարցում հավասարակշռություն գտնել նորարարության և հանրային վստահության միջև և ինչպես ապահովել, որ պետական համակարգերում ԱԲ-ի կիրառումը լինի անվտանգ, թափանցիկ ու մարդակենտրոն։
Ագորայի օրը Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Ճնշման ցուցիչ» (Index of Pressure) ինստալյացիան՝ պատկերասրահի առաջին ցուցադրությունը, որը ստեղծվել է ԱԲ-ի միջոցով։ Արվեստագետ Սոնա Աբգարյանի մուլտիմեդիա աշխատանքը միավորում է ԱԲ-ով ստեղծված տեսանյութ, կտավի վրա տպված պատկերներ և եռաչափ տպագրությամբ պատրաստված քանդակ։ «Ճնշման ցուցիչը» հանրության համար բաց կլինի մինչև նոյեմբերի 29-ը։
Ագորան ամփոփեց ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի Նորարարությունների և ԿԶՆ ֆինանսավորման պորտֆելի ղեկավար Տիգրան Ճորոխյանը։ «ԱԲ օրերի գլխավոր արժեքը երկխոսությունն է, որը ձևավորվեց տարբեր համայնքների, մասնագիտությունների և սերունդների միջև՝ Երևանում և մարզերում։ Մենք կաշխատենք, որ Ագորայում հնչած հարցերն ու առաջարկները հաշվի առնվեն ԱԲ ռազմավարական շրջանակի և ԱԲ գրագիտության քաղաքականության մշակման ընթացքում։ Ագորան շարունակական երկխոսության սկիզբ է՝ Հայաստանում ներառական և մարդակենտրոն ԱԲ ապագա ձևավորելու համար»,– նշեց նա։
Նոյեմբերի 13-ի միջոցառումները բազմազան էին՝ գործնական դասընթացներից ու աշխատարաններից մինչև ֆորումներ և ինտերակտիվ քննարկումներ։
«ԱԲ օրեր 2026»-ը կազմակերպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ԿԶՆ նորարարական կենտրոնը՝ ՀՀ ԲՏԱԱԲ նախարարության հետ համագործակցությամբ։ Նախաձեռնությունն իրականացվել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ։ «ԱԲ օրեր 2026»-ի գործընկեր կազմակերպություններն են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF), Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամը (ISTC), «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամը (MIC Armenia), CyHub Armenia-ն, Տեխնոլոգիական կրթության հիմնադրամը (TEF), «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն (APY), «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը (Teach For Armenia), Հայաստանի մանուկների հիմնադրամը (COAF), TUMO Labs-ը, Plug and Play Armenia-ն և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)։
Նախաձեռնությունը համաֆինանսավորել են Եվրոպական միությունը, Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալությունը (Norad) և Ավստրիայի զարգացման գործակալությունը (ԱԶԳ)։
Մամուլի հաղորդագրություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: