ԱՄՆ–ն ձգտում է մեծացնել իր ազդեցությունը Կասպից ծովի տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին։
ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ամերիկյան գերատեսչությունների հետ համատեղ միջոցներ է ձեռնարկում Կասպից ծովով և ցամաքային ճանապարհներով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) զենքի, տեխնոլոգիաների ու պատժամիջոցների տակ գտնվող նյութերի մատակարարումները կանխելու ուղղությամբ։
«ԱՄՆ-ն ուզում է ուժեղացնել իր ազդեցությունը Կասպյան տարածաշրջանում, և մենք համապատասխան նախազգուշացում կուղարկենք ամերիկյան կողմին։ Այս պահին մենք շփումներ ունենք մերձկասպյան երկրների հետ», – ասել է Ղարիբ-Աբադին։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։