Երևանի ավագանու առաջիկա նիստում նախատեսվում է քննարկել Ֆուչիկի փողոցը Հայաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով վերանվանելու առաջարկը։ Հարցն ընդգրկվել է Երևանի ավագանու նոյեմբերի 17-ի նիստի օրակարգում:
Նախաձեռնության հեղինակների ներկայացմամբ՝ որոշման հիմնական նպատակն է պահպանել կոմպոզիտորի հիշատակը և արժևորել նրա ունեցած նշանակալի ներդրումը հայկական ազգային երաժշտարվեստի ու երկրի մշակութային կյանքի զարգացման գործում, հայտնում է Auroranews.am-ը:
Նախագծին կից հիմնավորման մեջ անդրադարձ է կատարվել նաև փողոցի ներկայիս անվան պատմությանը։
Նշվել է, որ փողոցն անվանակոչված է չեխ գրող, լրագրող և գրական քննադատ Յուլիոս Ֆուչիկի անունով, որը 1921 թվականից անդամակցել է Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցությանը։
Հիմնավորման համաձայն՝ խորհրդային ժամանակաշրջանում Ֆուչիկի անունով անվանակոչվել են տարբեր քաղաքների փողոցներ և հասարակական նշանակության տարածքներ, սակայն հետագայում նրա անունը կրող մի շարք փողոցներ վերանվանվել են նաև Չեխիայում և Սլովակիայում։
Նախագծի հեղինակներն ուշադրություն են հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ Յուլիոս Ֆուչիկի կենսագրության մեջ արձանագրված չէ Երևանի, Հայաստանի կամ հայ ժողովրդի հետ անմիջական պատմական առնչություն։
Մինչդեռ, Վլադիլեն Բալյանի անվամբ փողոցի անվանափոխությունը կլինի հայ ազգային մշակույթի նկատմամբ հարգանքի դրսևորում, ինչպես նաև մայրաքաղաքի հետ անմիջականորեն կապված ականավոր գործչի վաստակի հավերժացման քայլ։