ԱՄԷ-ն հետաքրքրված է Հարավարևելյան Ասիայում նավթի պաշարների տեղակայմամբ

Ֆիլիպինների առևտրի և արդյունաբերության նախարար Քրիստինա Ռոկեն հայտնել է ԱՄԷ-ի հետաքրքրության մասին՝ ASEAN-ի նախաձեռնության շրջանակում Հարավարևելյան Ասիայի երկրներում նավթի պաշարներ տեղակայելու հարցում։

«ԱՄԷ-ն նույնպես հետաքրքրություն է հայտնել նավթի պաշարները տեղակայելու այն երկրներում, որոնք ունեն համապատասխան պահեստարաններ», – ասել է Ռոկեն՝ ASEAN-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Նախարարը նշել է, որ ASEAN-ի անդամ երկրներից նախաձեռնությանը միանալու համաձայնություն են տվել Սինգապուրը, Ինդոնեզիան, Մալայզիան և Ֆիլիպինները։ Նրա խոսքով՝ նախագիծը կարող է մեկնարկել այն երկրներից, որոնք արդեն պատրաստ են միանալ դրան, իսկ մյուսները կարող են ներգրավվել ավելի ուշ։

Ռոկեն հավելել է, որ ASEAN-ի երկրները դեռ պետք է ուսումնասիրեն տարածաշրջանային նավթային պաշարների ստեղծման վերաբերյալ հետազոտության արդյունքները։ Հարցին, թե արդյոք Ֆիլիպիններն արդեն այժմ կարող են օգտվել Ինդոնեզիայի նավթային պաշարներից, նա բացասական պատասխան է տվել։ Նախարարը չի նշել, թե երբ կարող է մեկնարկել նախագիծը։

Նախաձեռնությանն աջակցում է Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերը։

Ռոկեի խոսքով՝ տարածաշրջանային նավթային պաշարները թույլ կտան ASEAN-ի երկրներին ավելի արագ արձագանքել մատակարարումների խափանումներին և կրճատել նավթի փոխադրման ծախսերը։

Հարավարևելյան Ասիայում նավթի համատեղ ռազմավարական պաշարներ ստեղծելու գաղափարը քննարկվում է արդեն մի քանի տասնամյակ։ Դեռևս 1986 թվականին ASEAN-ի երկրները համաձայնագիր էին կնքել դեֆիցիտի դեպքում նավթի և նավթամթերքի մատակարարումներն ապահովելու փոխադարձ աջակցության վերաբերյալ։ Փաստաթուղթը հետագայում թարմացվել է, իսկ 2025 թվականի հոկտեմբերին՝ երկարաձգվել։

Այդուհանդերձ, վառելիքի արտակարգ բաշխման մեխանիզմը գործնականում սահմանափակ կիրառություն է ունեցել։ Նախաձեռնության արդիականությունն աճում է նավթի սպառման ավելացման և տարածաշրջանի՝ ներմուծումից կախվածության խորացման ֆոնին։

Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ ASEAN-ի երկրներում նավթի արդյունահանումը 2015 թվականի օրական 2.5 մլն բարելից 2025 թվականին նվազել է մինչև 1.8 մլն բարել։ Միաժամանակ աճում են ռազմավարական նշանակություն ունեցող ծովային երթուղիներով, այդ թվում՝ Հորմուզի նեղուցով, մատակարարումների խափանման ռիսկերը։

Leave a comment