Աշխարհի առաջատար 50 բուհերի շրջանավարտների համար առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի տարիքային վերին շեմը 27-ից բարձրացնել մինչև 32 տարեկան։ Այս մասին նոյեմբերի 16-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով՝ փոփոխությունը հնարավորություն կտա նշված բուհերի շրջանավարտներին ուսումնառությունից հետո ամբողջությամբ օգտվել Հայաստանում երեք տարի աշխատելու դիմաց տրվող տարկետման իրավունքից։ Նախարարը տեղեկացրել է նաև, որ ծրագրից օգտվելու իրավունք ունեցող 40 քաղաքացիներից 21-ն արդեն դիմել է։ Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն։
ԱԺ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
«Օրենքի նախագիծը միտված է ընդլայնելու բարձր մասնագիտական ներուժ ունեցող անձանց զինվորական ծառայության իրացման և ներգրավման հնարավորությունները: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 16-ի նիստում։
Ներկայացնելով ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ նախարարը նշել է, որ նախորդ տարի կատարված համապատասխան լրացումների արդյունքում հնարավորություն էր տրվել աշխարհի հեղինակավոր թոփ 50 բուհերում կրթություն ստացած քաղաքացիներին ուսումնառությունից հետո աշխատանքի անցնել Կառավարության սահմանված կարգով ու պայմաններով։ Կառավարության կողմից հաստատված ոլորտները, որոնցում կարող են ընդգրկվել այդ քաղաքացիները, 7-ն են՝ հանրային կառավարում, պետական մարմիններ (գործադիր, օրենսդիր և դատական), կրթական և գիտական հաստատություններ, ռազմարդյունաբերություն, բարձր տեխնոլոգիաներ, արդյունաբերություն (ներառյալ թեթև արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը և էներգետիկ ուղղությունները), ինչպես նաև առողջապահություն և ֆինանսական ուղղություններ։
Ժաննա Անդրեասյանի խոսքով առաջին անգամ հոկտեմբերի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում այդ քաղաքացիները հնարավորություն ունեին դիմումներ ներկայացնելու։ Ըստ նրա՝ 40 քաղաքացիներից, ովքեր ավարտել էին ուսումնառությունը և կարող էին անցնել աշխատանքային գործընթացի, արդեն 21-ը դիմել են։
Զեկուցողը նշել է, որ օրենքի գործարկման ընթացքում ի հայտ է եկել մեկ սահմանափակում, որը կարող է խոչընդոտել ծրագրի ամբողջական իրականացմանը. խոսքը տարկետման զորակոչի ենթակա լինելու տարիքային վերին շեմի մասին է։ Ասպիրանտուրայում կամ մագիստրատուրայում սովորող որոշ քաղաքացիների՝ ուսումնառությունից հետո 3 տարի աշխատելու ընթացքում լրանում է 27 տարեկանը, ինչի հետևանքով նրանք չեն կարողանում լիարժեքորեն օգտվել տարկետման այս իրավունքից։
Ելնելով վերոնշյալ խնդրից՝ օրենքի նախագծով առաջարկվում է զորակոչի ենթակա լինելու տարիքային վերին շեմը միայն այս խմբի քաղաքացիների համար սահմանել 32 տարեկանը։ Նախագիծն արդեն շրջանառված է, համապատասխանաբար քննարկվել ու հիմնավորվել է, և ակնկալվում է, որ այն հնարավորություն կտա ծրագիրն ավելի ամբողջական ու արդյունավետ իրականացնել։
Օրենքի նախագծին հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն»։
Նկարը գերենացված է արհեստական բանականության միջոցով