Թրամփի վարչակազմը Nvidia-ն կներառի AI ոլորտի «ազգային չեմպիոնների» շարքում. WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է ավելի քան երկու տասնյակ ամերիկյան ընկերությունների շնորհել «ազգային չեմպիոնի» կարգավիճակ արհեստական ​​բանականության ոլորտում։ Ծրագիրը նպատակ ունի օգնել տեղական մշակողներին մրցակցել չինական ընկերությունների հետ արտասահմանյան շուկաներում։ Այս մասին հայտնել է «The Wall Street Journal»-ը, ցուցակում կընդգրկվի նաև չիպեր արտադրող Nvidia ընկերությունը։

Ըստ WSJ-ի՝ ցուցակում կլինեն նաև այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Amazon-ը, Microsoft-ը, OpenAI-ը և Anthropic-ը։ Պաշտոնական հայտարարությունը սպասվում է արդեն հաջորդ շաբաթ, իսկ նախաձեռնությունը կներկայացնի ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լյուտնիկը։

«Ազգային չեմպիոնի» կարգավիճակ ստանալը թույլ կտա այդ ընկերություններին արագացված կարգով ստանալ միկրոչիպերի արտահանման լիցենզիաներ, պետական ​​աջակցություն ստանալ արտերկրում իրենց արտադրանքը խթանելու համար, նաև հավակնել դաշնային ֆինանսավորման։

Ծրագրի հիմնական նպատակն է ամերիկյան չիպերը, արհեստական ​​բանականության մոդելները և այլ հարակից արտադրանքները միավորել մեկ ընդհանուր փաթեթում՝ օտարերկրյա գնորդների համար հեշտացնելով դրանց ձեռքբերումը որպես համապարփակ լուծում։

Leave a comment