«Միասնական իրավապաշտպան հարթակ ենք ստեղծում, որը պատրաստ է պաշտպանել հետապնդման ենթարկվող մարդու իրավունքները»․ Էլինար Վարդանյան

«Այսօր անչափ կարևոր է բոլոր հարթակներում և ամեն հնարավոր առիթով խոսել քաղաքական հետապնդումների ու քաղաքական բանտարկյալների մասին։ Երբ երկրում մարդու իրավունքների, ազատության և արդարադատության խնդիրները դառնում են քաղաքական հակասությունների առարկա, անհրաժեշտ է ստեղծել հարթակներ, որտեղ այդ խնդիրների մասին խոսվում են բաց, համարձակ և առանց վախենալու։ Մենք ոտք ենք դրել մի փուլ, երբ քաղաքական հետապնդումներն ու կալանավորումները դարձել են սովորական գործելաոճ, և մարդիկ մի տեսակ հարմարվել են դրա հետ։ Լսում ենք դա որպես օրվա լրահոս և անցնում առաջ։ Այդպես չպետք է լինի»,- «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Նրա խոսքով՝ քաղաքական հետապնդումների դեմ պայքարը չպետք է ունենա կուսակցական պատկանելություն։ Մարդու ազատությունը չի կարող կախված լինել նրանից, թե նա որ քաղաքական ուժին է հարում կամ ինչ հայացքներ ունի։

«Հենց այս համոզմամբ էլ «Այլընտրանքային նախագծեր» խմբով ընդամենը երկու շաբաթ առաջ կազմակերպեցինք «Կալանավորված Հայաստան» խորագրով քննարկումը։ Դրան մասնակցում էին տարբեր քաղաքական ու հասարակական շրջանակների ներկայացուցիչներ։ Քննարկումների արդյունքում ձևակերպեցինք կոնկրետ առաջարկներ՝ մշակել ռազմավարություն, ստեղծել կամ ուժեղացնել արհմիությունները։ Բայց ամենակարևոր առաջարկը միասնական իրավապաշտպան հարթակ ստեղծելու առաջարկն էր։ Հարթակ, որը կմիավորի բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին, փաստաբաններին, իրավաբաններին, հասարակական գործիչներին և անհատներին, որոնք պատրաստ են պաշտպանել հետապնդման ենթարկվող մարդու իրավունքները՝ անկախ նրա քաղաքական հայացքներից»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ես ուզում եմ հիշեցնել մի կարևոր սկզբունք՝ չկա իմ և քո քաղբանտարկյալ, չկա իմ և քո անարդարացիորեն հետապնդվող անձ։ Կա մարդու իրավունք, որը կամ պաշտպանում ենք բոլորս, կամ վաղը կարող են ոտնահարվել մեզանից յուրաքանչյուրի իրավունքները։ Եթե չենք կարողանում պաշտպանել այն մարդուն, որի հայացքները մեզ համար ընդունելի չեն, ուրեմն մենք իրականում չենք պաշտպանում մարդու իրավունքները, մենք պարզապես պաշտպանում ենք նեղ քաղաքական շահեր։ Այսօր այդ միասնականությունը մեզ ավելին քան երբևէ անհրաժեշտ է։ Մարդու իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ․ խախտվում են ազատության, սեփականության, ազատ խոսքի և նույնիսկ կյանքի իրավունքը։ Արսեն Գևորգյանի մահը դրա վառ օրինակն է, և սա առաջին դեպքը չէ։ Ոչ ոք պատասխան չտվեց Արմեն Գրիգորյանի մահվան համար, պաստառ պոկելու համար կալանավորված Արմեն Հովհաննիսյանի ինքնասպանության համար։ Բայց մի բան հաստատ է՝ Արսեն Գևորգյանի և մյուսների մահերն անհետևանք չեն մնալու, որովհետև պետությունը պատասխանատվություն է կրում այն մարդու կյանքի ու առողջության համար, որին զրկել է ազատությունից, իսկ այդ դեպքերում ապօրինաբար է զրկել ազատությունից»,- ասաց նա։

Ըստ Էլինար Վարդանյանի՝ անհետևանք չեն մնալու նաև Բագրատ սրբազանի և 17 արդարների գործով ընթացող խեղկատակություն հիշեցնող դատավարությունները, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը։ 

«Անհետևանք չեն մնալու նաև Վեհափառի,  արքեպիսկոպոսների, հոգևորականների, ինչպես նաև քաղաքական գործիչներ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի,  Անդրանիկ Թևանյանի, Արեգնազ Մանուկյանի, Արմեն Աշոտյանի, Մարտուն Գրիգորյանի և տասնյակ այլ անձանց նկատմամբ քաղաքական հետապնդումները»,- հայտարարեց Էլինար Վարդանյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment