Վարազդատ Լալայանն ու Գարիկ Կարապետյանը չեմպիոնական ոսկով եզրափակեցին Հայաստանի առաջնությունը

Սպորտի կառավարման կենտրոնում՝ նախկին «Միկա» մարզահամալիր, ավարտվեց Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը։

Պայքարը եզրափակեցին 110 կգ եւ գերծանր քաշայինները։ Ամենադիտարժանը հենց այս երկու քաշային կարգերում ծավալվող իրադարձություններն էին, որովհետեւ այստեղ հանդես են գալիս մեր ամենատիտղոսակիր մարզիկները։

110 կգ քաշային կարգում երկամարտի 380 կգ արդյունքով չեմպիոնի կոչումը նվաճեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը, որը արծաթե մեդալի արժանացած Գրիգոր Ղազարյանին հետ թողեց ամբողջ 47 կիլոգրամով։

Պայքարն ավելի հետաքրքիր անցավ +110 կգ քաշային կարգում, այստեղ միմյանց հետ մրցակցում էին Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը եւ օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը։ Նրանց միջեւ մշտական պայքարում Լալայանն այս անգամ էլ գերազանցեց  ազգային հավաքականի իր թիմակցին եւ երկամարտի 440 կիլոգրամով բարձրացավ պատվո պատվանդանի հաղթողի աստիճանին, իսկ Մարտիրոսյանը 405 կգ-ով բավարարվեց երկրորդ տեղով։

Առաջնության ավարտին տղամարդկանց ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանը Aravot.am-ի հետ զրույցում արդյունքներն ամփոփելուց առաջ շնորհակալություն հայտնեց ֆեդերացիայի ղեկավարությանը Հայաստանի առաջնությունը միջազգային չափանիշներով կազմակերպելու համար։ «Տղաների արդյունքներն այս պահին շատ լավ չեն, բայց գոհացուցիչ են։ Առջեւում դեռ երկու ամիս ունենք մինչեւ Եվրոպայի առաջնություն։ Եվ կարելի է ասել, որ ծանրորդների ներկայիս մարզավիճակը բավարար է։ Նրանք հիմա չեն կարող լավ մարզավիճակ ունենալ եւ այն պահել երկու ամիս։ Մեզ անհրաժեշտ է, որ տղաները 100  տոկոսանոց պատրաստվածություն ունենան Եվրոպայի առաջնության օրերին»։

Զրուցեցինք նաեւ ԿԳՄՍ փոխնախարար Հասմիկ Ավագյանի հետ։ Նա նույնպես ընդգծեց կազմակերպման բարձր մակարդակը։ «Մեծագույն ցանկությունս է, որ բոլոր ֆեդերացիաները նույնպես տոնի վերածեն ՀՀ ներքին առաջնությունները։ Այսօր մեր հենակետային մարզաձեւերից մեկի Հայաստանի առաջնության անցկացման վերջին օրն էր եւ մեր լավագույնները իրենց ցույց տված արդյունքներով զբաղեցրին իրենց արժանի տեղերը։ Լիահույս եմ, որ Հայաստանից դուրս միջազգային հարթակներում նույնպես նրանք բարձր մրցանակային տեղեր կզբաղեցնեն»,- ասաց նա։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment