«Բա ո՞վ է գնալու բանակ ծառայի», «Ասում ենք՝ այս 700-ին, դա ոսկի գանձ են, բերում ենք Հայաստան»․ Գեղամ Մանուկյանը վրդովվեց, Արմեն Խաչատրյանը՝ փարատեց

«Երկու նախագծով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու ինչ-որ խմբեր են՝ այս մեկը 50 բարձրագույն լավագույն բուհերի շրջանավարտներ, որոնք կառավարության հանքարդյունաբերության ոլորտում են աշխատում, Ներքին գործերի նախարարությունը բերում է՝ ոստիկանական և փրկարար ծառայության կրթահամալիր ընդունվածներն են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում։ Վաղը կգա, օրինակ, էկոնոմիկայի նախարարը, կասի՝ Հայաստանում տուրիզմը խիստ զարգանում է, խոհարարների պակաս ունենք, օրինակ՝ «Միշելին» մրցանակ ստացածներին ազատենք պարտադիր զինվորական ծառայությունից։ Պարոն Խաչատրյանը թունելագործներին է առաջարկում ազատել։ Բա ո՞վ է գնալու բանակ ծառայի։ Ո՞վ։ Թե՞ այն, որ քննադատությունը տարիներ շարունակ այդ նախկիններին ուղղված, որ եղել է՝ ձևավորել եք բանվորագյուղացիական բանակ։ Հիմա շատ ավելի խորքային է»,- ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Գեղամ Մանուկյան

Հանձնաժողովում քննարկվում էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը։ Նախագիծը բուռն քննարկումների առիթ դարձավ։

«Տղաս ընդունվել էր արտասահման և տարկետման իրավունքով մի տարի հետո եկավ, ծառայեց, շարունակեց զինվորական ծառայությունը։ Հայ ժողովուրդը այդ ի՞նչ մի ձեռքբերում էր ունենալու, եթե իմ տղան տարկետման իրավունքից օգտվեր ու հինգ տարի բանակում չծառայեր։ Ոչ մի։ Շարունակում եմ մնալ այն համոզման, որ եթե որևէ մեկը ընդունվել է եւ տվյալ ԲՈՒՀ-ը այդ 50-ի մեջ մտնում է, թե չէ, այն բուռն ցանկությունը, որ ունեցել է ինքը նման բարձր մակարդակի կրթություն ստանա, մեկ ու կես տարի բանակում ծառայելուց հետո վստահ կշարունակի կրթությունը»,-շարունակեց պատգամավորը։

Գեղամ Մանուկյանի բնութագրմամբ, բանակում որակի մեծ խնդիր ենք առաջացնում․ «Գրագետ զինվորի պակաս կա, տառաճանաչ գրագետ զինվորի պակաս կա։ Դպրոցի խնդիրն է… լավ, 50-ի շրջանավարտներին հանում ենք, բոլոր սպորտսմեններին, գրողներին հանում ենք, հետո արդյունք էլ չենք տեսնում»։ Գեղամ Մանուկյանի դիտարկմամբ, 18 տարեկանից Հայաստանից բացակայած երիտասարդի համար բանակը նաեւ հայրենաճանաչության տեղ է։

Մանրամասները՝ տեսանյութում

Նրան իր ելույթով արձագանքեց իշխող խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը․ «Պարոն Մանուկյան, որ դուք ասում եք՝ էդ 700 հոգուց դուք տեսե՞լ եք քանի հոգի է միշտ բանակում ծառայել՝ երևի թե ոչ մեկ։ Դուք տեսե՞լ եք քանի հոգի է ներգրավվել պետական կառավարման կամ մասնավոր կառավարման հատվածում, մեր երկրի ու իր հայրենիքի համար ինչ-որ բան արել։ Այս 700 հոգի գնում են դրսում սովորում, հետո այնտեղից էլ այլևս Հայաստան չեն գալիս, որովհետև բանակի վտանգը կար, և այս ռեսուրսը մենք տարիներ շարունակ կորցրել ենք՝ լավագույն մասնագետներ, պրոֆեսիոնալներ աշխատել են այլ երկրների համար։ Այս խնդիրը կա, իրենցից ոչ մեկը երբեք չի ծառայել, ոչ մեկը երբեք գրեթե չի եկել Հայաստանի համար ծառայություն մատուցի։ Հիմա մենք ի՞նչ ենք անում։ Ասում ենք՝ այս 700-ին, դա ոսկի գանձ են, այդ մարդիկ, բերում ենք Հայաստան, ասում ենք՝ եղբայր, չես ծառայում, բայց ծառայելու ես քաղաքացիական ոլորտում, քո աշխատանքային կարիերան սկսում ես այստեղից, և սա շատ մեծ էֆեկտ է տալու»։

Արմեն Խաչատրյան

Մանրամասները՝ տեսանյութում

Ելույթ ունեցավ նաեւ իշխող ուժը ներկայացնող ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ նախ հեգնելով․ «Մի տեսակ հայրենասեր ենք դարձել սաղս, ամեն մեկս մի տեղից, ոչ թե բանակի մեջ մտած», դիմելով ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանին էլ, ով իր օրինակով էր բացատրել տարկետման բացասական էֆեկտը, ասաց․ «Պարոն Ղազարյան, ուշ չէ՞ էլի կարող ես ծառայես։ Հեսա Վայքի ուղղությունն էլ եմ վերցնում, կգաս իր պաշտպանության բանակ…»։

Սասուն Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment