Սահմանադրական նոր կարգավորումներով կվերացվի ՀՀ ԱԽ քարտուղարի պաշտոնը

Սահմանադրական նոր կարգավորումներով նախատեսվում է վերացնել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Այդ մասին գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։

ՀՀ արդարադատության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրներն օրաթերթին փոխանցել են, որ այս փոփոխության արդյունքում պաշտոնից կզրկվի նաև Արմեն Գրիգորյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակված Ալեն Սիմոնյանը, որը, ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների, այժմ նոր պաշտոնի որոնումների մեջ է։

«Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Ալեն Սիմոնյանը տարբեր հանդիպումների և զրույցների ընթացքում հայտարարել է, որ մտադիր է մասնակցել 2028 թվականին նախատեսված Երևանի քաղաքապետի ընտրություններին»,– գրել է «Ժողովուրդը»։

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանն օրաթերթի հարցմանն ի պատասխան հաստատել է, որ նոր Սահմանադրությամբ ԱԽ քարտուղարի պաշտոն նախատեսված չէ։

Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28-ին ԱԺ–ում ընդդիմությանը քաղաքական առաջարկ արեց` իրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց` եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։

Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։

Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։

Հոկտեմբերի 29-ի ճեպազրույցում ՀՀ վարչապետը խոստացավ Սահմանադրության փոփոխությունների այնպիսի նախագիծ, որն ընդդիմության սրտով կլինի։ Միաժամանակ նա նաև հայտարարեց, որ իշխանությունը հնարավորություն ունի թեմայի շուրջ հանրային այնպիսի ճնշում գեներացնել, որ ընդդիմությունը ստիպված լինի կողմ քվեարկել նախագծին։

Փաշինյանը նոյեմբերի 2-ին հայտարարեց, որ կփորձեն ստանալ հետևյալ հարցի պատասխանը` նոր Սահմանադրությունը բավարա՞ր է Ադրբեջանի հետ լիարժեք և համապարփակ խաղաղության համար։

Sputnik Արմենիա

Leave a comment