Արցախի կլանումը

Արցախի կլանումը դա թուրք-ադրբեջանական տանդեմի բաղձալի երազանքն էր եւ նրանք հասան դրան իրենց դասական խորամանկ քաղաքական խարդավանքներով, մաթեմատիկական խաղերի տեսության «ստրատեգիական պլանավորման» ալգորիթմների հմուտ կիրառմամբ։ Արցախյան շարժումը, դա արցախցիների գոյատեւման, ինքնապաշտպանական բնազդի դրսեւորումն էր, որը համախմբեց ողջ հայությանը։ Այդ ժողովրդական շարժման հետեւում կանգնած էին միջազգային ուժային կենտրոնները, որոնց հետաքրքրում էր ոչ թե Արցախը եւ Արցախի ժողովուրդը, այլ՝ ՍՍՀՄ-ի պես հզոր իմպերիայի տապալումը։ Իմպերիան 1991թ. տապալվեց, եւ անկախացած ՀՀ-ի նոր իշխանությունները փոխանակ գլուխները բարձրացնեին ու հետեւեին Մերձբալթյան երկրների, Սինգապուրի, Իսրայելի, Ֆինլանդիայի օրինակին, 1992թ. կտրուկ ռեվերս արեցին եւ ընկղմվեցին ՌԴ-ի կիսագաղութի կարգավիճակի մեջ։ Աշխարհի ուժային կենտրոնները լուծեցին իրենց խնդիրները, իսկ նրանց հովանու ներքո, սինխրոն հայ ժողովուրդն էլ լուծեց Արցախի ազատագրման խնդիրը։ 1994թ. Բիշկեկի խաղաղության պայմանագրով, որտեղ մոդեռատորը ԿԳԲ-ն էր, ըստ էության, դե ֆակտո, Արցախը մնաց հայկական, սակայն, դե յուրե Արցախի կարգավիճակը մնաց օդում կախված։ Միջազգային իրավունքի ուժի ու ռազմական ուժի գերակայունությունը մեր կողմն էր եւ այդ ձեւավորված պատմական մաքսիմում հնարավորություններից մենք շահեցինք ամենամինիմումի չափով (խաղերի տեսության մեջ հայտնի մաքսիմում-մինիմում տարբերակներով)։ Իսկ Արցախյան երկու պատերազմների արդյունքում Ալիեւը ստացավ մաքսիմումն էլ ավելին (մաքսիմում-մաքսիմում տարբերակով), դեռեւս այդ մոլագարը չի հանդարտվել իր խելացնոր պահանջներից, շանտաժից, օգտագործելով ՀՀ իշխանությունների թուլակամ, անողնաշար կեցվածքը։ 1994թ. Բիշկեկի հաշտության պայմանագրով սկսվեց Արցախյան 2-րդ պատերազմի պարտության սկիզբը։ Բիշկեկի փոխարեն, Հայաստանի Հանրապետությունը, Արցախը պետք է կնքեին միջազգային ստատուս ունեցող պայմանագիր, ՄԱԿ, ԵՄ-ն ուժային կենտրոնների ներկայության մակարդակով եւ հավաստի հատուկ երաշխիքների պարագայում։ 1994թ. հետո արյունառուշտ, ոխակալ հայր ու որդի Ալիեւները մինիմում-մաքսիմում տակտիկայով անցան երկրաչափական պրոգրեսիայով, ինտենսիվ միլիտարիզացման ու իրենց օջանդակող միջազգային ուժերի համախմբման ու կոլեկտիվ անվտանգության ցանցի, Արցախի դեմ սարդոստայնի ձեւավորմանը։ Կամովին ՌԴ կիսագաղութի ստատուսի լծի տակ մտած ՀՀ իշխանությունները, կուրորեն ընդունելով, որ աշխարհի 2-րդ հզոր բանակը ունեցող ՌԴ-ն, բանակը անվտանգության 100 % երաշխավոր, Արցախի հաղթական դափնիների վրա լեթարգիական քուն մտան։ ՀՀ-ի անվտանգային համակարգը, ՀՀ-ի օդի, հողի, սահմանների պահպանման պաշտպանությունը վստահելով ռուս զինվորին, ՀՀ իշխանությունները երկրորդ պլան մղեցին ու ջարդեցին հայ բանակի մեջքը։ Տարածաշրջանի հզոր բանակը ունեցող ՀՀ-ը պետք է, Իսրայելի օրինակով, իր ուժերով ապահովեր իր երկրի անվտանգությունը, զգար իր ուժեղ ու թույլ կողմերը եւ անցներ հզոր ցանցային պաշտպանական, բազմաշերտ, ստորգետնյա ամրոցների կառուցմանը։ ՀՀ իշխանությունները, Արցախյան առաջին պատերազմից հետո, դրսեւորեցին ակնհայտ քաղաքական տգիտություն ու անգրագիտություն։

Փոխանակ անցնելու տոտալ, ինտենսիվ ռազմականացման, անցան ՀՀ պետության տոտալ թալանին։ Երկրում ձեւավորվեց կոռուպցիոն կառավարման համակարգ, կիսամաֆիոզ իշխանական հարաբերություններ։ Պարադոքսալ ձեւով, Արցախի համար իրենց կյանքը կամովի դրած հերոս գեներալները, սպաները փոխանակ անցնեն բանակի հզորացմանը, սոված գայլերի նման հարձակվեցին ՀՀ-ի պոտենցիալ հարստության վրա եւ ծվեն-ծվեն անելով, երկրում ձեւավորեցին վաշխառուական, վարչաօլիգարխիկ ռազմական խունտա։ Մինչեւ Արցախյան 2-րդ  պատերազմը, եթե ՀՀ պետությունը թվաբանական պրոգրեսիայով քայքայվում ու դեգրադացվում էր, Ադրբեջանը երկրաչափական պրոգրեսիայով զինվում էր մինչեւ ատամները եւ նավթադոլարները դնելով նպատակաուղղված դիպուկ շրջանառության մեջ, ՀՀ-ի շուրջը ստեղծում էին մահաբեր, միջազգային մասշտաբի սարդոստայն։ ՀՀ-ն խաղում էր միայն ու միայն ՌԴ-ի բեւեռացված դաշտում, որտեղ ՀՀ-ն ԿԿՀ եւ ՌԴ-ի ԿԿՀ-ը ունեին 100-ավոր միլիարդ դոլարի հասնող փոխշահավետ բիզնես գործարքներ։

Իշխանությունները բաց թողեցին միջազգային ուժային կենտրոններից ստացված բարեհաջող մի շարք առաջարկությունները (Մինսկի խմբի առաջարկած Լիսաբոնի, Կազանի, Մադրիդի, 2016թ. ու 2019թ. տարբերակները, 2013թ. սեպտեմբերին ԵՄ ասոցացման ծրագրերը եւ այլն)։ Մինչեւ Արցախյան 2-րդ պատերազմը, աշխարհաքաղաքական իրադարձությունները զարգանում էին կայծակնային արագությամբ, կարճ միացման ռեժիմում, իսկ ՀՀ-ում պրոցեսները ընթանում էին պարապ ընթացքի ռեժիմում, պերմանենտ թալանի, քեֆ-ուրախության ու թռիվռիի համատարած զվարճանքների ռեժիմում։ Արցախյան 1-ին եւ 2-րդ պատերազմների ժամանակահատվածում, բնականաբար, փոխվեցին աշխարհակալ ուժային կենտրոնների, իրարամերժ շահերի վեկտորները ոչ միայն Կովկասյան տարածաշրջանում, այլեւ ՀՀ-ի ու Արցախի նկատմամբ։  Արցախյան 2-րդ պատերազմից առաջ ԱՄՆ-ի նախագահ դարձավ (սիոնիստական հզոր ֆինանսական կորպորացիաների նպատակաուղղված լոբիստական անզուգական ջանքերով) էքսցենտրիկ Դոնալդ Թրամփը, ով Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ պետք է համատեղ լուծեր Իրանի դեմիլիտարիզացման (ատոմային ռումբի արգելափակման) ու Իսլամական պետության կազմալուծման գերհզոր խնդիրը։ ԱՄՆ-Իսրայել, աշխարհի ու ռեգիոնալ երկու ռազմաքաղաքական գերհզոր ուժերը, բլոկը, ռազմական բազաներ էին տեղակայել Իրանի ողջ շրջակայքով։

Շարունակելի
ՀՐԱՅՐ ԽԱՌԱՏՅԱՆ
տնտ.գիտ.թեկնածու
շարունակելի

«Առավոտ» օրաթերթ
13.11.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment