Միսիսիպի գետում չորաբեռնատար նավը բախվել է զբոսանավին․ ավելի քան 30 մարդ հոսպիտալացվել է

Միսիսիպի գետում չորաբեռնատար նավը բախվել է զբոսանավին․ ավելի քան 30 մարդ հոսպիտալացվել է

ԱՄՆ-ի Միսիսիպի գետում Atlantic Asphalt չորաբեռնատար նավի և The American Heritage զբոսանավի բախումից հետո ավելի քան 30 մարդ է հոսպիտալացվել, հաղորդում է Associated Press-ը։

Զոհեր չեն գրանցվել։ Իշխանությունների տվյալներով՝ փրկարարները տարհանել են առնվազն 180 ուղևորի և անձնակազմի անդամի։

Վթարը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ Նոր Օռլեանի նավահանգստի շրջանում, երբ չորաբեռնատար նավը բախվել է կառամատույցի մոտ կանգնած զբոսանավին։ Բախումից հետո The American Heritage հնգատախտակամած թիանվավոր ջերմանավը շրջվել է։ Դեպքի վայրից տեսագրություններում երևում է, թե ինչպես են փրկարարական խմբերը ջրից դուրս բերում փրկաբաճկոններով մարդկանց։

Նոր Օռլեանի քաղաքապետ Հելենա Մորենոն տեղի ունեցածն անվանել է «հրաշք Միսիսիպիի վրա»։ Նրա խոսքով՝ հոսպիտալացվածներից ոչ մեկը ծայրահեղ ծանր վնասվածքներ չի ստացել։

Ականատես Դևոն Ֆլանագանը Associated Press-ին պատմել է, որ բախումից հետո դեպքի վայրում քաոս էր տիրում։ Նրա խոսքով՝ փրկարարական գործողությանը միացել են այլ նավեր ու բեռնանավեր, սակայն դրանց ներկայությունը բարդացնում էր իրավիճակը, քանի որ մարդիկ դեռ ջրում էին։

The American Heritage-ը շահագործող American Cruise Lines ընկերությունը հայտնել է, որ ուղևորներն ու անձնակազմը տարհանվել են։ Ընկերության ներկայացուցիչները խոր մտահոգություն են հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։

Associated Press-ի տվյալներով՝ նավը կառուցվել է 2015 թվականին և նախատեսված է առավելագույնը 150 ուղևորի համար։ Վթարի պահին այն ավարտում էր ութօրյա նավարկությունը Միսիսիպի գետով՝ Լուիզիանա և Միսիսիպի նահանգների մի շարք բնակավայրերում կանգառներով։

Բախման մասին առաջին հաղորդագրություններից հետո տուժածների և հնարավոր անհետ կորածների թվի վերաբերյալ տեղեկությունները մնում էին անորոշ։

Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրին հայտնել է, որ մեկնում է Նոր Օռլեան։ Նրա խոսքով՝ նահանգի իշխանությունները կապի մեջ են տեղական պաշտոնյաների և իրավապահ մարմինների հետ։

ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Մարքուեյն Մալինը հայտարարել է, որ գերատեսչությունը գործի է դնում հասանելի բոլոր ռեսուրսները՝ վթարից հետո հնարավոր անհետ կորած մարդկանց որոնելու և փրկելու համար։ Նախարարությունն իր գործողությունները համակարգել է նահանգի իշխանությունների հետ։

Leave a comment