Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման միակ ճանապարհը․ Փաշինյանը նշել է խնդրի լուծման պայմանը

Բաքվում պահվող հայերի հարցը չի լուծվի առանց մեկ պայմանի․ Փաշինյանը պարզաբանում է


ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվում պահվող հայերի հարցը ներկայիս իրողության կարևոր խնդիրներից մեկն է։


«Բայց այդ խնդիրը լուծելու համար մեզ անհրաժեշտ է ամրապնդել խաղաղությունը։ Այլապես այն չի լուծվի»,- ասել է նա՝ պատասխանելով Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում (IIEA) փորձագետների հարցերին։


Վարչապետի խոսքով՝ բանտարկյալների առկայության հանգամանքը թշնամական մթնոլորտի արտացոլումն է։


«Եթե խորանա թշնամանքը, դա կնշանակի, որ այս հարցը հաստատ 100%-ով չի լուծվի։ Իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն ու հարաբերությունների կարգավորումն այս իրավիճակի հանգուցալուծման միակ ճանապարհն են»,- ընդգծել է նա։


Փաշինյանը նաև նշել է, որ այս հարցը մշտապես եղել և շարունակում է մնալ Հայաստանի իշխանությունների օրակարգում։


«Դիվանագիտական շփումներում մենք մշտապես այդ հարցը բարձրացնում ենք։ Մենք երբեք չենք մոռանում այդ խնդիրը, և մենք շարունակելու ենք, ինչ խոսք, մեզնից կախված ամեն ինչ անել, որպեսզի այդ մարդիկ բանտից ազատ արձակվեն»,- հայտարարել է վարչապետը։


 


Leave a comment