Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ շատ վտանգավոր է համարում Եվրամիությանն անդամակցելու դրույթը Հայաստանի Սահմանադրությունում ամրագրելու հնարավորությունը։ Նա պնդել է, որ այդ քաղաքականության վտանգների մասին դեռ պաշտոնավարման ընթացքում զգուշացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության մյուս անդամներին։ Այդ մասին նա ասել է ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում:
«Ես փորձել եմ համոզել և կշարունակեի համոզել, որ այս ճանապարհով չգնանք», -ասել է նա:
Նա ընդգծել է, որ իր հրապարակած հոդվածում արտահայտված տեսակետը նորություն չէ, քանի որ նախկինում ևս բարձրաձայնել է այդ մտահոգությունը։ Գրիգորյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանը փորձում է հետևել Վրաստանի ընտրած ուղուն, որի հետևանքներն արդեն ակնհայտ են:
Պատասխանելով այն հարցին, թե հոդվածն արդյոք քաղաքական նոր դիրքավորման սկիզբ է՝ Գրիգորյանն ասել է, որ եթե Սահմանադրության մեջ մտցնելու քննարկում չլիներ, ամենայն հավանականությամբ այդ հոդվածը չէր գրի։
Գրիգորյանն իր հոդվածում գրել է, որ ԵՄ-ին անդամակցելու գաղափարն առաջին հայացքից գրավիչ է թվում, սակայն, այս հարցում հաճախ ցանկալին շփոթում ենք հնարավորի հետ։
«Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարը գնահատելիս պետք է հաշվի առնել մի շարք քաղաքական, աշխարհագրական և տնտեսական հանգամանքներ, որոնք այդ նպատակը դարձնում են անիրատեսական»,-գրել է նա: