Թրամփը, Պուտինը և Չինաստանի նախագահ Սին հանդիպելու են Շենժենում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հինգշաբթի՝ նոյեմբերի 19-ին, հանդիպելու են Շենժենում՝ Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ/APEC) ամենամյա գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Օլիվիա Ուելսը՝ հաստատելով ավելի վաղ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները։

Նրա խոսքով՝ երեք առաջնորդների միջև կայանալիք այս առաջին եռակողմ հանդիպման հիմնական թեման լինելու է միջուկային զենքի վերահսկման վերաբերյալ խոշոր համաձայնագրի մշակումը։ «Մենք չենք ակնկալում, որ որևէ համաձայնագիր կկնքվի։ Ես սա կբնորոշեի որպես նախնական փուլ՝ առաջին զրույց, համենայն դեպս՝ ղեկավարների մակարդակով, այս երկրների միջև», – CNN-ին հայտնել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։

Ինչպես հաղորդոել է «The New York Post»-ը՝ վկայակոչելով Թրամփի վարչակազմի մի պաշտոնյայի, քննարկումները կարող են անդրադառնալ նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր հակամարտությանը, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակին։ ԱՄՆ-ի մեկ այլ պաշտոնյա նշել է, որ Ուկրաինայում ընթացող պատերազմը, ամենայն հավանականությամբ, չի քննարկվի առաջնորդների կողմից։ «Չինաստանն այդ գործընթացի կողմ չէ, ուստի տեղին չի լինի այստեղ քննարկել Ուկրաինայի հարցը», – պարզաբանել է աղբյուրը։ Պաշտոնյան նաև հավելել է, որ Պուտինի և Թրամփի միջև առանձին երկկողմ հանդիպում նախատեսված չէ։

Հոկտեմբերին «The Wall Street Journal»-ը հայտնել էր, որ Պուտինն առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել Թրամփի և Սի Ծինփինի հետ՝ Չինաստանում կայանալիք ԱԽՏՀ ֆորումի ընթացքում։ Նշվում էր, որ Ռուսաստանի ղեկավարը մտադիր էր օգտագործել այս ձևաչափը՝ քննարկելու Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի ավարտի պայմանները՝ առանց Եվրամիության կամ Կիևի ներկայացուցիչների մասնակցության։ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է նման հանդիպման, թեև նշել էր, որ նախընտրում է կենտրոնանալ միջուկային զինաթափման, այլ ոչ թե Ուկրաինայի պատերազմի վրա։

Leave a comment