Համայնքի ղեկավարը հրավիրվել է դատախազություն

Հասարակություն

Համայնքի ղեկավարը հրավիրվել է դատախազություն

Չարենցավան խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը հրավիրվել է դատախազություն։ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում նրան պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Այս մասին տեղեկանում ենք «Ազդարար» տեղեկատվական համակարգից։

«Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»,- նշված է հրապարակային ծանուցման մեջ։

Չարենցավան խոշորացված համայնքի ղեկավարին նոյեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ին, հրավիրել են դատախազություն, իսկ նշված օրը եւ ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել:

Բացի Հակոբ Շասհգալդյանից, դատախազություն է հրավիրվել նրա հետ փոխկապակցված եւս 4 անձ։

Հիշեցնենք, որ Հակոբ Շահգալդյանը Չարենցավանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է անընդմեջ 2007 թվականից: Նախկինում ներկայացրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, իսկ ՏԻՄ վերջին ընտրություններում առաջադրվել է «Միասնական համայնք» կուսակցության ցուցակով։ Չարենցավան խոշորացված համայնքը ներառում է Չարենցավան քաղաքը եւ 5՝ Ալափարս, Արզական, Բջնի, Կարենիս, Ֆանտան գյուղական բնակավայրերը։

Leave a comment