2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի թիվ 460-ն որոշման մեջ։

«ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածի 12-15-րդ մասերով նախատեսվել է, որ 2027 թվականին շարունակվում է «ՎՏԲՀայաստան Բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը մինչև 1946 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց, ինչպես նաև կառավարության սահմանած այլ սոցիալական խմբերին՝ կառավարության սահմանած կարգով։

Որոշման 2-րդ կետով թվարկված են այն պետական մարմինները, որոնք Հայաստանի Հանրապետության աշխատանքի և բարեկեցության նախարարին տրամադրում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձանց ցուցակը: Հաշվի առնելով, որ այդ մարմինների անվանումներում կատարվել են փոփոխություններ, այս մասով ևս որոշման մեջ փոփոխություն կատարելու, ինչպես նաև որոշ իրավակիրառ խնդիրների հստակեցման անհրաժեշտություն կա:

Այսպիսով, ներկայացված նախագծով առաջարկվում է ստեղծել իրավական հիմք՝ 2027 թվականի հունվարի 1-ից նաև մինչև 1946 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման համար, որոշման 2-րդ կետով թվարկված պետական մարմինների անվանումները համապատասխանեցնել գործող օրենսդրությանը, հստակեցնել, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձանց ցուցակներում հետագայում կատարված լրացումները ևս ենթակա են տրամադրման, ինչը կապահովի տվյալների արդիականությունը:

Նախագծի ընդունմամբ կապահովվի 2027 թվականին ավանդների փոխհատուցման իրավունքի ճանաչման և վճարման բնականոն ընթացքը: Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի 2027 թվականի պետական բյուջեի եկամուտները և ծախսերը չեն ավելանա (ծախսերը նախատեսված են ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի նախագծով)։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment