Արթուր Միքայելյան. «Փոփոխություն էիք խոստանում։ Անեիք։ Հո իշխանության չէի՞ք եկել, որ ասեք մենք սա ենք ժառանգել»

«Արսենը առաջին հերթին հայ էր, լավ մարդ, լավ ընկեր։ Էլ չեմ խոսում նրա կուսակցական նվիրվածության մասին»,- Ստեփանավանի համայնքապետի թեկնածու, իր կուսակից Արսեն Գեւորգյանի՝ բանտում մահանալու կապակցությամբ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը։

«Նրա մասին կարելի է խոսել միշտ դրական։ Նախընտրական շրջանում նրա նպատակը Ստեփանավանում փոփոխություններ բերելն էր, ամեն գնով այնպես անելը, որ ստեփանավանցիների կյանքը փոխվի։ Բայց ինչպես տեսանք, այս իշխանությունները չեն սիրում ընդդիմախոսներին։ Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, այս ամենի պատասխանատվությունը այս իշխանություններինն է։ Իշխանությունները անում են ամեն հնարավոր բան՝ ընդդիմադիրներին, ընդդիմախոսներին մեկուսացնելու համար։ Մեկուսացնելու բանտերում՝ անմարդկային պայմաններում»,-ասաց Արթուր Միքայելյանը։

Անդրադառնալով արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն նախկիններից ստացած ժառանգություն է հայտարարությանը, Արթուր Միքայելյանն ասաց. «Իրենք ութ տարի իշխանություն են։ Իրենք չգիտեի՞ն ինչ են ժառանգում։ Փոփոխություն էիք խոստանում։ Անեիք։ Հո իշխանության չէի՞ք եկել, որ ասեք մենք սա ենք ժառանգել։

Այդ մարդկանց համար ընդդիմախոսներին ձերբակալելը, բանտարկելը դարձել է սովորական երեւույթ»,-ասաց կուսակցականը եւ արձանագրեց. «Ես ուզում եմ, որ մեր հայրենակիցները իմանան մեկընդմիշտ. ուժեղները երբեք չեն ճնշվում, ուժեղները երբեք չեն վախենում բռնաճնշումներից։ Ինչ ուզում են անեն, մեզանից 100-ին էլ ձերբակալեն, 101-րդը կանգնելու է մինչեւ վերջ»,-վստահեցրեց Արթուր Միքայելյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment