Եվրոպացի առաջնորդները կոչ են արել խորացնել էներգետիկ համագործակցությունն Ադրբեջանի հետ, մի քանիսը հետաքրքրություն են հայտնել ադրբեջանական գազի մատակարարումների ավելացման հարցում՝ մինչ Եվրոպան ձգտում է նվազեցնել իր կախվածությունը ռուսական էներգակիրներից։ Այս մասին ասվում է OC Media-ի անդրադարձում։
Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովից առաջ եվրոպական վեց երկրների առաջնորդներ ընդգծել են Ադրբեջանի հնարավոր դերը մայրցամաքի էներգամատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման գործում։ Այդ երկրներից չորսը՝ Լիտվան, Իռլանդիան, Մոլդովան և Չեխիան, ներկայում Ադրբեջանից գազ չեն գնում։ Ադրբեջանն այժմ բնական գազ է մատակարարում ԵՄ անդամ 10 պետությունների, այդ թվում՝ Իտալիային, Հունաստանին, Բուլղարիային, Հունգարիային, Գերմանիային և Ավստրիային։
Նրանց հայտարարությունները հնչել են այն ժամանակ, երբ Եվրոպան շարունակում է գազի այլընտրանքային աղբյուրներ փնտրել՝ 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից և ռուսական էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերից հետո։ Էներգամատակարարումն օգտագործելով որպես քաղաքական և տնտեսական գործիք՝ Մոսկվան դրդել է ԵՄ-ին արագացնել աղբյուրների դիվերսիֆիկացման և ռուսական հանածո վառելիքից կախվածության նվազեցման ջանքերը։ Եվրոպական հանձնաժողովի տվյալներով՝ 2021 թվականին ԵՄ գազի ներմուծման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը 45 տոկոսից նվազել է՝ 2025-ին հասնելով 12 տոկոսի։
Ադրբեջանը դարձել է այլընտրանքային մատակարարներից մեկը՝ Հարավային գազային միջանցքի միջոցով, որը Կասպից ծովից գազ է տեղափոխում եվրոպական շուկաներ։ Միջանցքով դեպի ԵՄ ադրբեջանական գազի մատակարարումները 2021-2024 թվականներին աճել են ավելի քան 40 տոկոսով։ Այդուհանդերձ, ադրբեջանական գազը շարունակում է կազմել միության ընդհանուր ներմուծման համեմատաբար փոքր մասը՝ մնալով Եվրոպայի էներգամատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման ավելի լայն ռազմավարության բաղադրիչներից մեկը։
Չորեքշաբթի Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ադրբեջանական լրատվամիջոցներին հայտարարել է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Եվրոպան շահագրգռված են կայուն և արդյունավետ էներգահամակարգի ստեղծմամբ։
«Մենք աջակցում ենք փոխկապակցվածության բոլոր նախագծերին։ Ներկայում խոսքը Եվրոպայում, մասնավորապես, Բալթյան երկրների միջև տրանսպորտային և էներգետիկ կապերի մասին է։ Բայց կարծում եմ, որ Եվրոպայից փոքր-ինչ ավելի հեռու գտնվող մեր բարեկամների մասնակցությունը նույնպես շատ կարևոր է էներգամատակարարման հուսալի համակարգ ստեղծելու համար»,- հավելել է նա՝ պատասխանելով «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ հարցին։
Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևն ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտարարել է, որ իր երկիրը կողջունի Ադրբեջանից գազի մատակարարումների ավելացումը։
«Մենք որոշակի կարիքներ ունենք և երախտապարտ կլինենք, եթե Ադրբեջանը կարողանա ավելի շատ գազ մատակարարել Բուլղարիային»,- ասել է նա։
Ռադևը հավելել է, որ երկու երկրների համագործակցությունը դուրս է գալիս բնական գազի մատակարարումների շրջանակից ու ներառում է նաև Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Բուլղարիան կապող կանաչ էներգետիկ միջանցքի զարգացումը։ Նրա խոսքով՝ նախագծի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է Անթալիայում կայացած COP31 կլիմայական գագաթնաժողովի ընթացքում։
Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշան նույնպես ընդգծել է Կասպյան տարածաշրջանի կարևորությունը Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար՝ հիշեցնելով մայրցամաքի՝ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու նախկին ջանքերի մասին։ Նա անդրադարձել է շուրջ 25 տարի առաջ «Հարավային հոսք» գազատարի նախագծի առաջմղման փորձերին՝ նշելով, որ նախատեսված արդյունքին չհասնելը Եվրոպային դրել է այլ իրավիճակում, քան այն, որում մայրցամաքը կարող էր հայտնվել նախագծի իրականացման դեպքում։
«Կասպյան տարածաշրջանի էներգետիկ ներուժը հսկայական նշանակություն ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար»,- ասել է Յանշան՝ հավելելով, որ Ադրբեջանն ու եվրոպական երկրները շահագրգռված են այդ ռեսուրսների օգտագործմամբ՝ Եվրոպայի ռազմավարական ինքնավարությունն ամրապնդելու նպատակով։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, իր հերթին, հայտարարել է, որ իր երկիրը հետաքրքրված է Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությամբ՝ շարունակելով էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման և Ռուսաստանից կախվածության նվազեցմանն ուղղված ջանքերը։
«Էներգետիկան շարունակում է մարտահրավեր մնալ բոլորի, այդ թվում՝ Մոլդովայի համար։ Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք աշխատել ենք դիվերսիֆիկացնել մեր էներգետիկ աղբյուրները և նվազեցնել Ռուսաստանից կախվածությունը։ Հույս ունենք, որ այսօր արդյունավետ քննարկումներ կունենանք և լուծումներ կգտնենք»,- ասել է նա։
Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը նույնպես ընդգծել է Ադրբեջանի ներդրումը Եվրոպայի տնտեսական անվտանգության ապահովման գործում՝ նշելով, որ երկրի մասնակցությունը Եվրոպական քաղաքական համայնքին նպաստել է էներգամատակարարման և այլ հարցերի շուրջ համագործակցության առաջմղմանը։ Նա հավելել է, որ Ադրբեջանի ներգրավվածությունը նոր հնարավորություններ է ստեղծել Եվրոպայի տնտեսական անվտանգությունն ամրապնդելու, ինչպես նաև մայրցամաքը հիբրիդային հարձակումներից և այլ սպառնալիքներից պաշտպանելու համար։
Մարտինը հիշեցրել է նաև, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով քննարկումները Եվրոպայի միջնորդությամբ տեղի են ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի առաջին հանդիպումներից մեկի ընթացքում։ Նա այդ քննարկումները բնութագրել է որպես արդյունավետ՝ նշելով, որ ոչ պաշտոնական հանդիպումները կարող են նպաստել հակամարտությունների կարգավորման գործընթացին։
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշն էլ նշել է, որ Պրահան հետաքրքրված է Ադրբեջանից բնական գազ ստանալով՝ էներգամատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացմանն ուղղված ջանքերի շրջանակում։
«Մենք հետաքրքրված ենք Ադրբեջանից գազով, քանի որ պետք է պատրաստ լինենք տարբեր սցենարների և ունենանք գազի մատակարարման հնարավորինս շատ աղբյուրներ»,- հայտարարել է նա։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի