Համաշխարհային դաշնամուրային արվեստի կենդանի լեգենդ Գրիգորի Սոկոլովն արդեն Երևանում է: Վարպետի բացառիկ և երկար սպասված մենահամերգը տեղի կունենա նոյեմբերի 14-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Սոկոլովի երևանյան ելույթը կդառնա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի Երևանյան 18-րդ միջազգային երաժշտական փառատոնի փառահեղ եզրափակիչ ակորդը: Սա աննախադեպ և ամեն առումով պատմական մշակութային իրադարձություն է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի երաժշտական կյանքում՝ ընդգծելով մեր մայրաքաղաքի կարևոր դերը համաշխարհային դասական արվեստի քարտեզի վրա:
Երևանյան ունկնդրին բացառիկ հնարավորություն է ընձեռվել վայելելու ժամանակակից կատարողական արվեստի անհասանելի գագաթնակետը հանդիսացող երաժշտի արվեստը՝ դաշնակահարի, որի յուրաքանչյուր հպումը ստեղնաշարին վերածվում է պատմության, իսկ հնչյունային ներկապնակը՝ խորը փիլիսոփայական մտքի: Գրիգորի Սոկոլովը դասական երաժշտության աշխարհի ամենախորհրդավոր ու մեկուսի վարպետներից է, որը խուսափում է աղմկոտ հրապարակայնությունից, սակայն բեմում ստեղծում է այնպիսի մոգական մթնոլորտ, որ ստիպում է անգամ ժամանակին կանգ առնել:
Համերգային երեկոյի ծրագրում Վարպետն ընդգրկել է ռոմանտիկ դաշնամուրային երկացանկի երկու մոնումենտալ գլուխգործոցներ, որոնք պահանջում են կատարողական բացառիկ խորություն և հոգևոր հասունություն: Ֆրանց Շուբերտի Դաշնամուրի սոնատ թիվ 21-ը՝ սի բեմոլ մաժորում, Շուբերտի վերջին ու ամենաանձնական դաշնամուրային ստեղծագործությունն է՝ գրված կոմպոզիտորի կյանքի վերջին ամիսներին: Այս երկը լի է երկնային պարզությամբ, տիեզերական լռությամբ և խաղաղությամբ, որտեղ յուրաքանչյուր դադար նույնքան խոսուն է, որքան երաժշտական ֆրազը: Հաջորդ ստեղծագործությունը Յոհաննես Բրամսի Դաշնամուրի սոնատ թիվ 3-ն է՝ ֆա մինորում, երիտասարդ Բրամսի՝ հզոր, սիմֆոնիկ շնչով և փոթորկալից էներգիայով լեցուն ստեղծագործությունը:
Aravot.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Երևան ժամանելուն պես՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում առաջին փորձից առաջ, Գրիգորի Սոկոլովը երևանյան համերգի նախաձեռնող և իր վաղեմի երկրպագու Վահան Վարդապետյանի ուղեկցությամբ այցելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան՝ հաղորդակցվելով հայ մեծանուն վարպետի գույների և լույսի արվեստին:
Հիմա՝ մի հատկանշական երևույթի մասին. մեր իրականությունում երբեմն պատահում է, որ աշխարհահռչակ արվեստագետի համերգին հատուկ Երևան է ժամանում հանդիսատես աշխարհի տարբեր երկրներից: Մեզ մի լուր հասավ, որ վաղը՝ նոյեմբերի 14-ին կայանալիք համերգին, միայն դաշնակահարի արվեստը վայելելու նպատակով, Հայաստան են ժամանել նրա արվեստի երկրպագուներ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից, Չինաստանից և այլն:
Վերջում՝ Սոկոլովի ստեղծագործական կյանքի մի քանի դրվագ, որոնք, վստահ ենք, կհետաքրքրեն արվեստասերներին: 1962 թվականին Լենինգրադում կայացել է նրա առաջին մենահամերգը: Այդ ժամանակ նա 16 տարեկան էր և դարձել էր Չայկովսկու անվան միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր՝ պատմության մեջ գրանցվելով որպես ամենաերիտասարդ հաղթողը: Ի դեպ, մրցույթի ժյուրին գլխավորել է աշխարհահռչակ Էմիլ Գիլելսը, որը հետագայում դարձավ դաշնակահարի կարևորագույն աջակիցներից մեկը:
Երկար տարիներ Սոկոլովը որպես մենակատար հանդես է եկել աշխարհի բարձրակարգ նվագախմբերի և հռչակավոր դիրիժորների հետ: Իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո նա սկսել է հանդես գալ միայն մենահամերգներով՝ առաջատար համերգասրահներում և փառատոներում՝ այսպես կենտրոնանալով զուտ մենահամերգների վրա: Յուրաքանչյուր համերգաշրջանում վերջիններիս թիվը շուրջ 70 է:
Սամվել Դանիելյան
Գրիգորի Սոկոլովի երևանյան լուսանկարները տրամադրել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի PR բաժինը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: