Համախմբված ընդդիմությունը մտադիր է խոչընդոտել Սահմանադրության փոփոխության հանրաքվեի անցկացումը։ Ընդդիմադիրները նոր Սահմանադրության ընդունումը համարում են Բաքվի թելադրանքով պարտադրված օրակարգ, իսկ իշխանափոխության հասնելու համար պատրաստվում են «հանդարտ ու հաստատուն» քայլերի։ Այս մասին Factor TV-ի եթերում հայտարարել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Անդրադառնալով նոր Սահմանադրություն ընդունելու իշխանությունների նախաձեռնությանը՝ Սուրեն Սուրենյանցը վստահեցրեց, որ ընդդիմությունն ունի այն կանխելու հստակ մեխանիզմ.
«Տապալելու ենք հանրաքվեն շատ պարզ ձևով, վեց ձայն չենք տալիս մենք։ Մեր խորհրդարանական գործընկերները իրենց վեց մանդատներով չեն միանալու նոր Սահմանադրության անցկացման հանրաքվեի նախաձեռնությանը»։
Նրա գնահատմամբ՝ հասարակությունն արդեն իսկ մերժել է Նիկոլ Փաշինյանին այդ հարցում՝ արտահերթ ընտրություններին չտալով սահմանադրական մեծամասնություն. «Նա ասել է՝ եթե ինձ չտաք երկու երրորդի մանդատ, պատերազմ ա լինելու… Նա ստացել է կառավարություն ձևավորելու իրավունք և հնարավորություն, և հասարակությունը, հենց նույն ժողովրդավարության կանոններից ելնելով, մերժել է նրան, փոխել Սահմանադրությունը»։
Սուրենյանցի խոսքով՝ այժմ գործող իշխանությունը կրկին նույն գործիքակազմն է կիրառում. «Նա փորձում է երկրորդ անգամ շանտաժի ենթարկել հասարակությանը»՝ խաղաղությունը շաղկապելով նոր Սահմանադրության հետ։
Խոսելով Բաքվի պահանջով ՀՀ Մայր օրենքը փոխելու մասին՝ քաղաքական գործիչը շեշտեց. «Մենք վիրավորական ենք համարում Բաքվի թելադրանքով հանրաքվեի անցկացումը։ Հենց հասարակության շահերից ելնելով էլ մերժելու ենք, որովհետեւ արդեն մերժվել ա էդ օրակարգը»։
Նա հիշեցրեց նաև վերջերս խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը՝ կապված իշխանությունների խոստումների հետ. «Արամ Վարդեւանյանը ընդամենը մի հատ դիպուկ հարցով Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին վերջին հարց ու պատասխանի ժամանակ ծուղակը գցեց։ Այն իշխանությունը, որը շարունակ պնդում էր, որ սա Ադրբեջանի պահանջը չի… Արամ Վարդևանյանի մի հարցից հետո… ծուղակն ընկավ»։ Սուրենյանցը նկատի ուներ իշխանությունների այն խոստումը, թե Ադրբեջանից երաշխիք են բերելու։
Անդրադառնալով Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումը հանելու պահանջին և վտանգներին՝ նա հարցադրում արեց. «Հո ամեն գնով պայմանագիր չե՞նք ստորագրելու, էդ հղումը չենք հանելու, թող չստորագրի»,- ապա հավելեց. «Անկախության հռչակագիրը պետության հիմնադրման փաստաթուղթն է… եթե հանում ես հղումը, շատ մեծ վտանգ կա, որ դրանով դուռ ես բացում նոր զիջումների համար, որովհետև ապալեգիտիմացնելու ես Հայաստանի Հանրապետությունը»։
Խոսելով համախմբված ընդդիմության հետագա անելիքների և իշխանափոխության հասնելու մեթոդների մասին՝ Սուրենյանցը նշեց, որ կիրառվելու են բոլոր օրինական միջոցները, սակայն փողոցային պայքարը լինելու է միայն գործիքներից մեկը, որը չպետք է «չարաշահվի». «Փողոցը կլինի այն ժամանակ, երբ որ քաղաքական համապատասխան իրավիճակ կստեղծվի, և կլինի փողոցային պայքարի անհրաժեշտություն։ …Փորձելու ենք հանդարտ, բայց հաստատուն քայլերով գնալ իշխանափոխության, կոնկրետ խնդիրներ լուծելու միջոցով»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան