Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, Եվրամիության հետ համագործակցության դիվերսիֆիկացիային և Սահմանադրության նոր նախագծի ընդունման դեմ ընդդիմության ծրագրած գործողություններին։

Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության հնարավոր կոշտ արձագանքներին և նրան «չգազազեցնելու» մասին հարցադրումներին՝ Հասմիկ Հակոբյանը նշել է. «Մենք ինչի՞ ենք Ռուսաստանին գազազեցնում… Ի՞նչ անենք, որ չգազազեցնենք: Ի՞նչ անենք, չշփվե՞նք, անգլերեն չխոսե՞նք… Ռուսաստանի Դաշնությունը ինչո՞ւ պետք է խառնվի մեր ներքին գործերին, մենք որ երկրի հետ ինչ հարաբերություն ունենանք, Ուկրաինայի հետ ինչպես շփվենք, Ադրբեջանի հետ ինչպես շփվենք։ Իսկ Ռուսաստանի Դաշնությունը իրականում տեսախցիկների առաջ և հանդիպումներում խոսում է նրա մասին, որ ինքը հարգում է Հայաստանի ինքնիշխանությունը, ինքը չի խառնվում ներքին գործերին, դա մեր որոշելիքն է»։

Պատգամավորը որպես օրինակ հիշեցրել է նաև ընտրական գործընթացները. «Համենայն դեպս նման ցանկություն ուներ Ռուսաստանի Դաշնության նախագահը, որ ռուսամետ ուժերը հնարավորություն ունենան մասնակցելու ընտրություններին։ Բայց հնարավորություն չտվեցինք Սամվել Կարապետյանին մասնակցել։ Այ, գազազացրինք Ռուսաստանի Դաշնությանը»։

Նա նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունները չպետք է նման լինեն այն հարաբերություններին, երբ կինը մնում է բռնարարի մոտ՝ իրեն կերակրելու պատճառով․ «Ես ասում եմ, որ այդպիսին չեն հարաբերությունները։ Մենք տեսանք, որ չկա անվտանգություն։ Հստակ։ Մեկ անգամ է պետք եղել ՀԱՊԿ-ի գործադրումը և Ռուսաստանի Դաշնության հետ, իհարկե, մեր այդ երկկողմ համաձայնությունը, երբ հարձակում եղավ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա, դա չի գործել։ Եվ երբ որ մեզ պետք էր զենք, մենք անգամ այդ ջարդոնը չենք կարողացել ունենալ, այսինքն՝ մենք վճարել ենք և զենք չենք ունեցել»։

Խոսելով այլընտրանքների և Եվրամիության հետ գործակցության մասին՝ պատգամավորը հավելել է.
«Եվ այն, որ Եվրամիության հետ մենք և՛ զենքի առևտուր ունենք, և՛ այլ համագործակցություն ունենք, սա դուք տեսնում եք։ Եվրամիությունը քվոտաներ սահմանեց մեր արտադրանքի համար, արտահանման համար։ Այսինքն, մենք տեսնում ենք գործնականում, որ հնարավոր է այդ դիվերսիֆիկացիան»։

Պատասխանելով այն դիտարկմանը, թե Հայաստանում որոշ «ռուսամետներ» կալանավորվում են, Հակոբյանը հակադարձել է. «Էնպես չի էլի, որ ով ռուսամետ է, կալանավայրում է։ Կալանավայրում են մարդիկ, որոնք ենթադրաբար որևէ արարք են գործել, որի համար բանտ են գնում։ Իսկ ռուսամետ լինելը բանտ գնալու համար բավարար հիմք չէ»։

Անդրադառնալով Հայաստանի ընդդիմության քայլերին և իշխանափոխության հասնելու նրանց ակնկալիքներին՝ իշխանական պատգամավորը շեշտել է, որ նրանք սպասում են արտաքին հարվածների. «Իրենք տեսնում են [իշխանությանը հեռացնելու միջոց- խմբ․], բայց սպասում են ավելի ուժեղ տրիգերի՝ տնտեսական, ավելի ուժեղ սանկցիաների և պատերազմի իրականում։ Այսինքն իրենք ինչ-որ տրիգերներ են սպասում»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

Leave a comment