Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:25-ի սահմաններում Սասունցի Դավիթ փողոցում՝ սովետական տարիներից հայտնի «Բութանիա գաստրոնոմի» մոտ, բախվել են «Subaru» ու «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են հիվանդանոց։
Շտապօգնության բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է՝ բախման հետևանքով «Subaru»-ն հայտնվել է երթևեկելի գոտում՝ հետիոտնի համար անցման վրա, իսկ «Nissan Tiida»-ն բախվել է բազալտե եզրաքարին։