Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին

Քաղաքականություն

13.11.2026 | 18:09

Ադրբեջանը չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովում առանձին երկրների նախաձեռնությամբ առաջադրված երեք փաստաթղթերին, քանի որ դրանք «ստեղծում են լրացուցիչ իրավական և քաղաքական պարտավորություններ»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

Հաղորդվում է, որ նոյեմբերի 12-ին Դուբլինում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում մի շարք երկրներ միացել են որոշ պետությունների նախաձեռնությամբ առաջադրված «Եվրոպական անվտանգության հիմնական սկզբունքների մասին հռչակագրին», «Միգրացիայի հարցերի վերաբերյալ հայտարարությանը» և «Թմրանյութերի դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի մասին հայտարարությանը»։

«Ինչպես հայտնի է` Եվրոպական քաղաքական համայնքը ձևավորվել է որպես ոչ պաշտոնական երկխոսության հարթակ, որի նպատակն է ամրապնդել երկրների միջև փոխադարձ վստահությունն ու համագործակցությունը։ Մեր երկրի՝ ԵՔՀ-ին մասնակցելու նպատակը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կարծիքների փոխանակումն է, ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու մոտեցումների քննարկումը և մասնակից պետությունների հետ համագործակցության հնարավորությունների ընդլայնումը։ Այդ կապակցությամբ ադրբեջանական կողմը չի միացել նշված փաստաթղթերին, որոնք իրավական և քաղաքական բնույթի լրացուցիչ պարտավորություններ են ստեղծում»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Հավելենք, որ Հայաստանը ևս չի միացել «Եվրոպական անվտանգության հիմնական սկզբունքների մասին հռչակագրին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment