Յոդով վանդակներ, մեջքին՝ կարագ և քացախով գուլպաներ․ հայ բժիշկները զգուշացնում են՝ ինչ չի կարելի անել թոքաբորբի դեպքում

Յոդով վանդակներ ու քացախով գուլպաներ․ ինչ սխալներ են թույլ տալիս Հայաստանում թոքաբորբը բուժելիս


ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ 37,2 աստիճան ջերմություն ունենալը դեռ չի նշանակում թոքաբորբ, և այդ դեպքում խուճապի մատնվելու կարիք չկա, իսկ հիվանդության դեպքում էլ պետք չէ կիրառել յոդով վանդակներ, մեջքին քսել կարագ, կրել քացախով գուլպա։ Այս մասին ասաց Ինֆեկցիոն հիվանդությունների գծով առողջապահության նախարարի խորհրդատու Արմեն Օհանյանը


Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված ասուլիսի ժամանակ։


Օհանյանի խոսքով՝ թոքաբորբը մահացության բարձր ցուցանիշ ունեցող հիվանդություններից է։ Աշխարհում այն տարեկան 2,5 մլն մարդու կյանք է խլում, որից 600 հազարը մինչև 5 տարեկան երեխաներն են։

«Թոքաբորբի վտանգավոր միտումները հաշվի անելով՝ կարևորվում է ինչպես մասնագիտական հանրույթի, այնպես էլ լայն հասարակության հետ իրազեկման, կրթական աշխատանքը»,– նշել է Օհանյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանում շարունակում է խնդիր մնալ հակաբիոտիկների անհարկի օգտագործումը, այդ թվում՝ շնչառական վարակների դեպքում, երբ դրանց նշանակման ցուցում չկա։ Այս ուղղությամբ առաջնահերթություններից է նաև առաջնային օղակի բժիշկների հետ աշխատանքը։

Անդրադառնալով կանխարգելմանը՝ Օհանյանը նշել է, որ թոքաբորբի հիմնական հարուցիչներից է պնևմակոկը, որի դեմ առկա է պատվաստանյութ։ Կանխարգելման գործում նա կարևորել է նաև գրիպի դեմ պատվաստումը, հատկապես երեխաների շրջանում։

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գործողությունների ստանդարտ ընթացակարգերի մասնագետ Քնարիկ Սարգսյանն իր հերթին կարևորել է բնակչության իրազեկվածությունն ու համապատասխան գիտելիքների առկայությունը հիվանդության արդյունավետ կանխարգելման համար։

«Բուժառուների հետ շփումները ցույց են տալիս, որ դեռ գերխնդիր է մնում ուշ դիմելիությունը։ Մարդիկ սպասում են, թե ավելի ուշ փուլերում լավացում կլինի։ Դրանից բացի, մեր հասարակության շրջանում շարունակում է խնդիր մնալ ինքնաբուժումը թե ժողովրդական, թե դեղորայքային մեթոդներով։ Իհարկե, այս առումով որոշակի դրական միտում կա, սակայն դեռ իրազեկման ուղղությամբ մեծ անելիքներ ունենք»,- ասել է Սարգսյանը։

Բժիշկ-թոքաբան, ԵՊԲՀ ներքին հիվանդությունների ամբիոնի դասախոս Էռնա Մելքոնյանն էլ հայտնել է, որ թոքաբորբի հիմնական թիրախային խմբերն են մինչև 5 տարեկան երեխաները, 65 և ավելի տարեկան անձինք, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ։ Վերջիններիս թվում են ոչ միայն թոքային, այլև սրտանոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ, ճարպակալում և իմունային համակարգի խնդիրներ ունեցող անձինք։

Նրա խոսքով՝ Հայաստանում թոքաբորբի ախտորոշումը, բուժումը և անհրաժեշտ դեղորայքի հասանելիությունը բավական բարձր մակարդակի վրա են։

«Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրմամբ պայմանավորված տեսնում ենք, որ այս բոլոր ծառայություններն ավելի հասանելի են դարձել բուժառուներին։ Անհրաժեշտ դեղորայքը ևս ապահովագրության շրջանում հասանելի է։ Դա նշանակում է, որ բուժառուի ֆինանսական բեռը թեթևանում է, քաղաքացին արդեն ավելի շուտ կդիմի բժշկին, բարդություններն ավելի քիչ կլինեն, հոսպիտալացումները կկրճատվեն»,- ասել է Մելքոնյանը։

Մասնագետները խորհուրդ են տալիս ցուրտ եղանակին պահպանել հիգիենայի տարրական կանոնները՝ սենյակները պարբերաբար օդափոխել, միմյանց նկատմամբ պատասխանատվություն ու հարգանք ցուցաբերել, ինչը նշանակում է, որ վիրուսային վարակով հիվանդ լինելու ակտիվ փուլում պետք չէ միմյանց այցելել, հանդիպել և գրկախառնվել։


Մասնագետներև նաև հայտնել են, որ նոյեմբերի 14-ին Կլինիկական վարակաբանների միության և Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի համատեղ ջանքերով կանցկացվի «Ամեն ինչ թոքաբորբերի մասին» գիտաժողովը, որի շրջանակում անդրադարձ կկատարվի հիվանդացության միտումներին, բուժման առաջընթացին, առաջին օղակի բժիշկների մոտեցումներին և բուժառուների վարքագծին։ Մասնագիտական քննարկումների առանցքում լինելու է առավել ճշգրիտ ախտորոշումն ու հիվանդության ճիշտ վարումը։

Leave a comment