Ամեն տարի մինչև 5 տարեկան 600 000 երեխա է մահանում թոքաբորբից. ինչ են ասում բժիշկները

Ամբողջ աշխարհում թոքաբորբի հետևանքով ամեն տարի մինչև 5 տարեկան շուրջ 600 000 երեխա է մահանում։ Մամուլի ասուլիսի ժամանակ տվյալները ներկայացրեց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն, ինֆեկցիոն հիվանդությունների գծով ՀՀ առողջապահության նախարարի խորհրդատու, մանկական վարակաբան Արմեն Օհանյանը։

Նշենք, որ նոյեմբերի 13-ը նշվում է որպես թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օր։

«Թոքաբորբը ինֆեկցիոն համար 1 մարդասպանն է համարվում, քանի որ մահացության ցուցանիշը շատ բարձր է։Ամբողջ աշխարհում տարեկան մոտ 2.5 մլն մարդու կյանք է խլում թոքաբորբը, ընդ որում շուրջ 600 000-ը մինչև 5 տարեկան երեխաներն են։ Թոքաբորբի հիմնական հարուցիչը պնևմակոկ միկրոբն է, ու դրա դեմ կանխարգելիչ միջոցը պատվաստումն է։ Տվյալ պատվաստանյութը շատ է կիրառվում և՛ Հայաստանում, և՛ ամբողջ աշխարհում։ Հիմնական հարուցիչներից է նաև հեմոֆիլուս միկրոբը, որ համար էլ պատվաստանյութ կա»,– ասաց Օհանյանը։

Նրա խոսքով` գրիպի պատվաստանյութն էլ մեծ դեր ունի հիվանդության կանխարգելման համար, մանավանդ, երբ խոսքը մինչև 5 տարեկան երեխաների մասին է։ Ընդգծեց` գրիպային թոքաբորբի հետևանքով բարդություններ և խնդիրներ հաճախ են առաջանում։

Մասնագետը շեշտեց, որ ՀՀ–ում նախատեսվածից կրկնակի- եռակի անգամ ավելի հակաբիոտիկներ են նշանակվում և օգտագործվում։ Օհանյանի խոսքով` դրա դեմ պետք է աշխատանքներ տանել, քանի որ դա վատ է անդրադառնում մարդու առողջության վրա։
Վստահեցրեց` Հայաստանում թոքաբորբի բուժման հետ կապված որևէ խնդիր որպես այդպիսին չկա, ախտորոշման էական տարբերություն զարգացած երկրների համեմատ նույնպես չկան։

ԵՊԲՀ ներքին հիվանդությունների ամբիոնի դասախոս Էռնա Մելքոնյանն էլ շեշտեց` թոքաբորբը, ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, տարածված հիվանդություն է։

«Ամենառիսկային թիրախային խումբ են համարվում ոչ միայն մինչև 5 տարեկան երեխաները, այլև 65+ տարեկան անձինք, քրոնիկական հիվանդություններ ունեցողները, ինչպես նաև իմունային համակարգի խնդիր ունեցող պացիենտները»,– ասաց Մելքոնյանը։

Բժիշկները քաղաքացիներին կոչ արեցին և հորդորեցին ժամանակին դիմել բժշկի, եթե նկատվում է դժվար շնչառություն, հևոց, սուր հազ կամ բարձր ջերմություն։

Արմեն Օհանյանը մասնավորապես շեշտեց չանել յոդով կամ կարագով «վանդակներ», չհագնել քացախով գուլպաներ և առհասարակ ինքնաբուժությամբ չզբաղվել։

Նշենք, որ թոքաբորբը թոքային հյուսվածքի սուր հիվանդություն է, որը բնութագրվում է թոքի ալվիոլների ախտահարմամբ, ինչն էլ հանգեցնում է գազափոխանակության խանգարման։

Sputnik Արմենիա

Leave a comment