Հինգ դարերի պատմություն կրող հայկական մշակութային արժեքը նորովի է ներկայացվել հուշադրամի տեսքով. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հինգ դարերի պատմություն կրող հայկական մշակութային արժեքը նորովի է ներկայացվել հուշադրամի տեսքով։ ՀՀ կենտրոնական բանկը նոյեմբերի 13-ից շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» շարքի առաջին՝ «Սևանավանք» արծաթե հուշադրամը՝ նվիրված Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու 1486 թ.-ին պատրաստված փորագրազարդ դռանը։
Հուշադրամի շնորհանդեսը տեղի է ունեցել այսօր՝ Հայաստանի ազգային պատկերասրահում՝ Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» կտավի և դրանում պատկերված պատմական դռան համատեղ ցուցադրության շրջանակում։
Պատմական դուռը հայկական մշակութային ժառանգության արժեքավոր նմուշ է, գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում՝ հատուկ պետական պահպանության ներքո։
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը նշել է, որ կտավը ստեղծումից շուրջ 130 տարի անց առաջին անգամ բերվել է Ղազախստանի ազգային պատկերասրահից և ներկայացվել Հայաստանում։
«Շատ խորհրդանշական համընկնում է, որ այսօր այստեղ՝ այդ դռան կողքին, ներկայացված է Վարդգես Սուրենյանցի համաշխարհային գլուխգործոցի նշանակություն ունեցող «Լքյալը» կտավը, որտեղ լիովին նույնությամբ և ամենայն մանրամասնությամբ պատկերված է հենց այս դուռը», – նշել է Հակոբյանը շնորհանդեսի ժամանակ։
Նրա խոսքով՝ նախագծի գաղափարական հիմքում հայկական և համաշխարհային մշակութային ժառանգության պահպանումը, արժևորումն ու նորովի ներկայացումն են։
ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմեն Քթոյանն իր խոսքում ընդգծել է պատմական ժառանգության կարևորությունը՝ նշելով, որ այն կարող է ուղենիշ լինել ապագայի համար։
«Մեր ժառանգությունն իր մեջ պարունակում է ապագայի բանաձևեր, և մենք պետք է կարողանանք այդ բանաձևերը պատշաճ կերպով վերակոդավորել ու դիտարկել մեր ապագա ուղու որպես ուղղորդիչ սցենարներ», – ասել է Քթոյանը։
Նրա խոսքով՝ Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու դուռը, որը 500 տարի առաջ սահման էր տարածության միջև, այսօր սահման է ժամանակի միջև՝ առանձնացնելով անցյալը, ներկան և ապագան։
«Այսօր մենք այդ մշակութային արժեքի շնորհիվ կարողանում ենք ժամանակի միջով վերադառնալ անցյալ և այնտեղից կորզել ու վերցնել մեր արժեքային կոդի այն պակասող բաղադրիչները, որոնք մեզ թույլ կտան քայլել դեպի ապագա», – նշել է Քթոյանը։
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, իսկ դարձերեսին՝ Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու 1486 թվականի դուռը։ Այն առանձնանում է կիրառված ուլտրաբարձր ռելիեֆի փորագրության տեխնոլոգիայով, ինչն էլ ավելի արտահայտիչ է դարձնում միջնադարյան հայ արհեստավարժ վարպետների կերտած բարձրաճաշակ դռան գեղեցկությունը:
Հուշադրամն ունի 2000 դրամ անվանական արժեք։ Այն պատրաստված է 999,9 հարգի արծաթից, կշռում է 62,2 գրամ և ունի 50 մմ տրամագիծ։
Հուշադրամը հատվել է Գերմանիայի «B.H. Mayer Mint» դրամահատարանում։ Թողարկումը սահմանափակված է մինչև 999 օրինակով։