Նոր սերունդն ունի արդարության սուր պահանջ. Գագիկ Ծառուկյանը նամակ է գրել ՔԿՀ-ից

ՀՀ–ում նոր սերունդն ունի արդարության սուր պահանջ, և նա իր մտածողությամբ ու աշխարհընկալմամբ շահեկանորեն տարբերվում է. ունի լուծումներ ոչ միայն իր, այլև պետության խնդիրների ու ապագայի վերաբերյալ։ Այս մասին գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը գտնվում է «Կենտրոն» ՔԿՀ–ում։

«Սա ինձ լուրջ լավատեսություն է տալիս։ Առաջիկա բոլոր կառավարությունների կարևորագույն խնդիրն է լինելու ոչ թե պարզապես երիտասարդության խնդիրները լուծելը, այլև դրանք լուծելը հենց երիտասարդների գաղափարների, առաջարկների հիման վրա։ Դրանով կապահովվի նաև սերունդների միջև առողջ երկխոսությունը»,– ասված է նամակում։

Ծառուկյանը հիացած է երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ։ Նա նշել է, որ դրա համար հիմք է հանդիսացել ամիսներ առաջ նրա ներկայացրած գաղափարը` «Լավագույն լուծումներն առաջարկում են երիտասարդները» նախագիծը, որով հնարավորություն է տրվել դպրոցականներին և ուսանողներին իրենց խնդիրների ու լուծումների մասին առաջարկներ ներկայացնել։

Սկզբում հայտերը շատ քիչ են եղել, հետո հարցուփորձ է արել ու մի ուսանողից իմացել պատճառը՝ չեն հավատում, որ մրցույթը արդար կլինի։

«Անկեղծ ասած՝ սկզբում մի քիչ վիրավորվել էի, որ իմ առաջարկած նախագիծը կասկածի տակ էր դրվում, իսկ հետո հասկացա, որ խնդիրը շատ ավելի խորն է. նոր սերունդը ունի արդարության սուր պահանջ։ Երբ ես բազմաթիվ տեսախցիկների առաջ հայտարարեցի, որ անձամբ եմ երաշխավորում նախագծի արդարությունը, հայտերի քանակը սկսեց թռիչքաձև աճել։ Կարճ ժամանակում, եթե չեմ սխալվում, 600-700 հայտ էր եկել»,– գրել է Ծառուկյանը։

Նրա համար 2–րդ ապշեցուցիչ հանգամանքը հայտերի որակն է եղել` համակարգված մտածողությամբ, խնդիրները հստակ ձևակերպած, առաջարկվող լուծումները մեկը մյուսից գրագետ ու հետաքրքիր։

«Որակյալ կրթություն, մարզերից Երևան եկող ուսանողների խնդիրներ, կեցության հարցեր, ուսմանը զուգահեռ աշխատելու հնարավորություն, առաջին աշխատանք և այլն. սրանք իրական հարցեր են, որոնք դեռ սպասում են լուծումների։ Հարցերի ցանկը մեծ է։ Այս ամենին զուգահեռ՝ համապետական հարցեր, երկրին տեր լինելու վճռականություն ու պատրաստակամություն»,– ընդգծել է ԲՀԿ առաջնորդը։

Նա նաև հիշեցրել է Եվրոպայում սկսված բողոքի ակցիաները, երբ երիտասարդաները պահանջում էին կրթական համակարգի բարեփոխումներ, և նրանք, ըստ էության, ստիպեցին եվրոպական կառավարություններն ակտիվ քայլեր ձեռնարկել։ Մինչդեռ, ըստ Ծառուկյանի, անգամ Եվրոպան չկարողացավ արագ լուծումներ առաջարկել, որովհետև խնդիրները իրոք խորքային են։

Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։

Ծառուկյանը հենց նույն օրը ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց։

ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 7-ին հայտնեց, որ արգելանք է կիրառվել Ծառուկյանին պատկանող շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի, 33 տրանսպորտային միջոցի, և 27 տարբեր ընկերություններում առկա բաժնեմասերի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված 40 իրավաբանական կազմակերպությունների բաժնեմասերի և բաժնետոմսերի, ինչպես նաև վերջիններիս պատկանող գույքի նկատմամբ։

Sputnik Արմենիա

Leave a comment