«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու է միայն մեկ համայնքում՝ Սպիտակում։ Կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է 32-ամյա Արման Ավետիսյանը, որը, ըստ ներկայացրած հայտարարագրի, չի աշխատում, սակայն հայտարարագրել է բազմաթիվ անշարժ գույքեր Երևանում, Սպիտակում, Գյումրիում և Վանաձորում։

Ավետիսյանը հայտարարագրել է նաև շուրջ 32,7 միլիոն դրամ, 30 հազար դոլար, 750 հազար ռուբլի և 13 հազար 919 եվրո։ Նրա եկամուտների թվում են անշարժ գույքի և ավտոմեքենայի վաճառքից, գույքի վարձակալությունից, բանկային ավանդից և «Գեվտանիք» ՍՊԸ-ից ստացված գումարները։ Բանկից վերցրել է նաև 19,9 միլիոն դրամի փոխառություն։ Հայտարարագրել է երկու ավտոմեքենա՝ 2020 թվականի Hyundai Sonata և 2006 թվականի Mercedes-Benz։

Սպիտակի ավագանու ընտրություններին «Ուժեղ Հայաստանից» բացի մասնակցելու են նաև «Քաղաքացիական պայմանագիր» և «Բարոյական արժեքներ» կուսակցությունները։

ՔՊ-ի ընտրական ցուցակը գլխավորում է համայնքի գործող ղեկավար Քաջայր Նիկողոսյանը։ Ցուցակում ընդգրկված է նաև նրա որդին՝ Գոռ Նիկողոսյանը։

Ընտրություններին ընդառաջ Սպիտակում վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման դեպք է հայտնվել «Անկախ դիտորդ» դաշինքի ուշադրության կենտրոնում։ Քաջայր Նիկողոսյանն աշխատանքից ազատել է մրցակից «Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակով առաջադրված համայնքապետարանի չորս աշխատակցի՝ իր տեղակալին և երեք բնակավայրերի վարչական ղեկավարներին։ Միաժամանակ, մյուս վարչական ղեկավարներին շրջաբերական է ուղարկել՝ պահանջելով նպատակային արձակուրդի դիմումներ չներկայացնել։

«Անկախ դիտորդ» դաշինքի գնահատմամբ՝ աշխատանքից ազատումները պատշաճ հիմնավորում չեն ունեցել և կարող են մյուս աշխատակիցներին հետ պահել իրենց քաղաքական նախապատվություններն ազատ արտահայտելուց՝ առավելություն տալով ՔՊ-ին։ Դաշինքը կոչ է արել արձանագրել վարչական ռեսուրսի չարաշահումը և դիմել դատարան։

Դեպքի առնչությամբ թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վարչական վարույթ է նախաձեռնել։ Նոյեմբերի 12-ին հանձնաժողովը լսել է կողմերին, իսկ որոշման հրապարակումը նախատեսված է նոյեմբերի 13-ին։

ՔՊ-ի ընտրական ցուցակում ընդգրկված են նաև Սպիտակի մի շարք մանկապարտեզների ղեկավարներ, որոնցից մի քանիսի նշանակումների ընթացքում Կրթության տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել։

Մասնավորապես, ցուցակի 60-րդ հորիզոնականում է Կաթնաջուրի մանկապարտեզը շուրջ երեք տարի առանց պարտադիր հավաստագրի ղեկավարող Հերմինե Նիկողոսյանը։ 54-րդը Շենավանի «Արեգակ» մանկապարտեզի տնօրեն Արփինե Պետրոսյանն է, որի՝ առանց հավաստագրի ժամանակավոր նշանակումների ընթացքում նույնպես խախտումներ են արձանագրվել։

ՔՊ-ի ցուցակի երրորդ տեղում Սպիտակի թիվ 3 մանկապարտեզի տնօրեն Վանուհի Միրզոյանն է, իսկ 63-րդում՝ Ամալյա Կարապետյանի անվան մանկապարտեզի տնօրեն Նվարդ Սիրունյանը։ Երկուսն էլ պաշտոնի են նշանակվել մրցույթներից հետո, որոնցում հաղթող էր ճանաչվել նաև Մարինե Գալստյանը։ Վերջինս, թեև հաղթել է չորս մրցույթում, ոչ մի անգամ տնօրեն չի նշանակվել։

ՔՊ-ի ցուցակում է նաև Արևաշողի «Հասմիկ» մանկապարտեզի տնօրեն Էդվինա Խաչատրյանը, որի նշանակման գործընթացում խախտումներ չեն հայտնաբերվել։

Factor TV-ի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սպիտակի մանկապարտեզներում առանց անհրաժեշտ հավաստագրերի նշանակումների վերաբերյալ Կրթության տեսչական մարմնի հանձնարարականները կատարվել են միայն մասամբ։ Տեսչական մարմինն ուսումնասիրության նյութերը փոխանցել է նաև Հակակոռուպցիոն կոմիտե։

 

Եվգենյա Համբարձումյան

 

Leave a comment