-Այս իշխանության կառավարման 8 տարիների ընթացքում մենք ունեցանք պատերազմ, պարտություն, զոհեր, ավերածություններ, դավաճանություն, խայտառակություն, թալան: Սրանք դավադրաբար հանձնեցին Արցախը, գոյաբանական խնդիրներ են առաջացրել ՀՀ համար, քանզի այլ բանի ունակ չեն: Եթե նույնիսկ ցանկանան, չեն կարողանա դրական արդյունքներ ապահովել: Որովհետեւ պարտված, Ալիեւի կողմից նվաստացված, աշխարհաքաղաքական պատանդի կարգավիճակում հայտնված իշխանության պարագլուխը դատապարտված է պարտության՝ իր հետ պարտության տանելով մեր երկիրն ու ժողովրդին,-այսօր խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Մայր Հայաստան» կուսակցության համաժողովի ժամանակ ասաց կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը:
Նրա խոսքով, այս իշխանությունները ստի ու կեղծիքի, դեմագոգիայի, պոպուլիզմի իշխանություն են. «Արագաչափերի, տեսախցիկների, շահումով խաղերի, 50/50 փայ մտնելու մերժումով իշխանության եկածները հակառակն արեցին ու ժողովրդի հետ փայ մտան 100/0 տարբերակով` մեկի տունը խլելով, մեկի բիզնեսը, մյուսի կյանքը, իսկ բոլորիցս՝ մեր պետականությունը»:
Թեւանյանի խոսքով՝ այսօր լուրջ մարտահրավերներ ունենք. վտանգված է ՀՀ ապագան. «Առավելապես սուբյեկտիվ գործոններով է պայմանավորված՝ օրվա պարտված իշխանության վարած քաղաքականությամբ: ՀՀ վերացման օբյեկտիվ նախադրյալները գրեթե զրոյական են. «Մենք համոզված ենք՝ կա իրական անվտանգություն ու երաշխավորված խաղաղություն ապահովելու հնարավորություն: Թող չվախեցնեն մեր ժողովրդին պատերազմով ու նոր զոհերով, պատերազմն ու զոհերն իրենք են բերել ու բերելու: Ամոթ է, որ այս իշխանությունն այսքան մնացել է, սա քաղաքագիտական նոնսենս է… Այս տարվա հունիսի 7-ին բոլորովս միասին պետք է փակենք պարտության ու խայտառակության էջը: Մեր երկիրը կարիք ունի նոր էջի, նոր առաջնորդության: Սրանք առաջարկում են թուրք-ադրբեջանական օրակարգով խաղաղություն, որն արցախյան սցենարի կրկնությունն է նախատեսում: Սրանց բերած գերեզմանների խաղաղության փոխարեն առաջարկում ենք ապահովել իրական ու երաշխավորված խաղաղություն՝ մեր բանակի վերականգմամբ, տնտեսության զարգացմամբ, դաշնակիցների հետ ռազմավարական հարաբերությունների հաստատմամբ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: