Հայաստանի Հանրապետությունը կմիանա Եվրոպական միության «Քասթըմս» և «Ֆիսկալիս» ծրագրերին։
Համապատասխան համաձայնագրերը Բրյուսելում ստորագրել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը և Եվրոպական միության հանձնակատար Վոպկե Հուկստրան, հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Համաձայնագրերի ստորագրումը Հայաստանի և ԵՄ-ի միջև մաքսային և հարկային ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված կարևոր քայլ է։ Այն կնպաստի Հայաստանի մաքսային և հարկային վարչարարության արդիականացմանը, ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների հետ փորձի և լավագույն գործելակերպի փոխանակմանը։
Ստորագրման արարողության ընթացքում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը նշել է, որ համաձայնագրերի ստորագրումը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված համագործակցության գործնական արդյունքն է և այս տարի կայացած Հայաստան–ԵՄ գագաթնաժողովի պայմանավորվածությունների տրամաբանական շարունակությունը։
«Մեր նպատակը հստակ է՝ ունենալ ժամանակակից, թափանցիկ և հաշվետու եկամուտների վարչարարություն, որը հիմնված է օրենքի գերակայության և լավ կառավարման սկզբունքների վրա և արդյունավետորեն ծառայում է մեր քաղաքացիներին ու տնտեսվարողներին»,– ընդգծել է Հակոբյանը։
Ակնկալվում է, որ «Քասթըմս» և «Ֆիսկալիս» ծրագրերին Հայաստանի մասնակցությունը կնպաստի մաքսային և հարկային վարչարարության ընթացակարգերի արդյունավետության, թափանցիկության և կանխատեսելիության բարձրացմանը, գործարար միջավայրի բարելավմանը և միջազգային համագործակցության ընդլայնմանը։
Կողմերը պայմանավորվել են նշանակել պատասխանատու անձանց, որոնք կապահովեն համաձայնագրերի գործնական իրականացումը։