«Հայի արժանապատվությունը բարձր պահելու, ազգային սկզբունքներով առաջնորդվելու, հայ լինելու, հայ ապրելու համար այսօր այդ սպառնալիքը կա». Անաստաս Իսրայելյանը՝ Արսեն Գեւորգյանի բանտում մահանալու մասին

«Ամեն մարդու մահ, առանձնապես հայ ազգի ներկայացուցչի, բոլորիս համար ցավ է։ Արսեն Գեւորգյանի մահվան հետ կապված մեկ օր առաջ իմ ֆեյսբուքի էջում գրել եմ. «Արսեն Գեւորգյանի մահը ամեն մեկիս մահն է, որովհետեւ նրա տեղը կարող է լինել ամեն մեկը։ Ինչի՞ համար։ Հայու արժանապատվությունը բարձր պահելու, ազգային սկզբունքներով առաջնորդվելու, հայ լինելու, հայ ապրելու համար այսօր այդ սպառնալիքը կա։

Արսեն Գեւորգյանը մահացավ բանտում։ Նա երկու շաբաթ առաջ առողջ մարդ էր։ Ողբերգությունը եղավ, երբ նրան ձերբակալեցին, տարան բանտ։ Պատասխանատուն ո՞վ է։ Հասկանալի է՝ ներկա իշխանությունը։ Եթե դեռ ապացույցներ չկան, ենթադրություններ են ու ձերբակալում են, չապացուցված՝ բանտ են նստեցնում, պատասխանատուն ո՞վ է։ Սա՞ է մեր այսօրվա արդարադատությունը։

Մենք մի իրավիճակում ենք հայտնվել, որ քո մայր հողում արժանապատվության համար պայքարելու ճանապարհի վերջը տեսնում ենք, որ մահն է, հայ լինելու, հայ ապրելու գինը մահն է։ Ես որպես արցախցի, տարիներ շարունակ ասում եմ. «Ժողովուրդ, արցախցիներին նայեք՝ ինչ իրավիճակի են հասցրել։ Եվ եթե սրա դեմը չառնվի, վերջում ամեն մարդու դուռ է ծեծելու՝ ցավոք սրտի, այսպես արձանագրելով մահ ու ամեն տեսակ վատ բաներ։

Կարծում եք՝ թշնամին միայն Արցախով, Արցախի ժողովրդին ցեղասպանության ենթարկելով է՞ բավարարվելու։ Տեսնում եք, չէ՞, որ այդպես չի»,-ասաց արցախցի հասարակական գործիչը՝ հասարակությանը կոչ անելով մեղադրել ոչ թե արցախցիներին, այլ այն պատասխանատուներին, որոնք դավաճանեցին Արցախին, միայնակ թողեցին արցախցիներին բլոկադայի ժամանակ։ Իսկ արցախցին անկոտրում է, ինչի ապացույցը Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն են, որոնք այսօր էլ պայքարում են Բաքվի բանտերում։

Անաստաս Իսրայելյանի համոզմամբ՝ խաղաղություն չի լինելու, որովհետեւ թշնամին իր տեսակով խաղաղությունն առանց հայի է տեսնում։ Ու մեր անտարբերության պատճառով հասնելու է իր ծրագրերին։ «Եվ եթե դու առաջնորդվում ես թշնամու օրակարգով, նրա պահանջներով, իր պահանջների շուրջ քննարկումներ անելով, ուրեմն դու կործանված ես, դու պարտված ես»,-ասաց Անաստաս Իսրայելյանը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment