Այսօր Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի նախավերջին տուրի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կխաղա Կիպրոսի հավաքականի հետ։
Ֆուտբոլային հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ակնկալիքներով է կիսվել։
«Լավ վերլուծել ենք մրցակցին, գիտենք, որ անհաջող խաղ ենք ունեցել իրենց դեմ, գիտենք՝ ինչի հաշվին են նրանք կարողացել հաջողության հասնել։ Հուսով եմ՝ վաղը կկարողանանք այդ ուժեղ կողմերը փակել։ Շատ ենք աշխատել այս օրերին ու կփորձենք մենք իրենց համար խնդիրներ ստեղծել»,- Կիպրոսի հավաքականի և սպասվող խաղի մասին ասել է Մելիքյանը։
Նա նաև նշել է՝ թիմը երիտասարդացրել է․
«Կտեսնեք՝ մեր հավաքականում մինչև 23 տարեկան 8 հոգի է լինելու դաշտում։ Կտեսնեք երիտասարդ թիմ՝ 8 հոգի՝ մինչև 23 տարեկան, 2 հոգի՝ մինչև 27 տարեկան։ 30 տարեկան ֆուտբոլիստ չի լինելու դաշտում։ Ես գնում եմ այդ ճանապարհով, այո՛, հստակ գիտեմ՝ ուր եմ գնում իմ թիմի հետ։ Աստված տա՝ հաղթենք, մեզ դա շատ է պետք, դրա կարիքը մենք շատ ունենք, բայց ամեն դեպքում, ինչպես էլ լինի, մենք, միևնույն է, վստահ ենք, որ ճիշտ ճանապարհի վրա ենք։ Մենք գիտենք մեր խնդիրները, մենք գիտենք, թե ինչ կորուստներ ունենք, բայց մենք չենք ուզում այդ մասին շեշտել և խոսել»,- ասել է գլխավոր մարզիչը։