2027 թվականի հունվարի 1-ից կավարտվի էլեկտրամոբիլների ԱԱՀ-ից ազատման գործող արտոնությունը։ Կառավարությունը դեռ չի շրջանառել հաջորդ տարվա սակագնային արտոնությունների վերաբերյալ որոշման նախագիծ։ Այդ մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից, տեղեկացնում է Radar Armenia-ն:
«2027 թվականի հունվարի 1-ից ավարտվում է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար` սահմանված ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության ժամկետը»,- հայտնել են նախարարությունից։
Միաժամանակ, Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանել է, որ 2027 թվականին Հայաստան ներմուծվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների նկատմամբ սակագնային արտոնությունների կիրառման վերաբերյալ կառավարության որոշման նախագիծ առայժմ շրջանառության մեջ չի դրվել։
«Համաձայնեցման և լրամշակման փուլում է գտնվում Հայաստան ներմուծվող կամ երկրում ձեռք բերվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար պետական աջակցության տրամադրման վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը․ Շահագրգիռ պետական մարմինների հետ քննարկումներից հետո նախագիծը կհրապարակվի արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում»,- հայտնել են նախարարությունից։