ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի էներգետիկայի և էներգասպառման ոլորտի մասնագետների կողմից ստուգում է իրականացվել Լոռու մարզի Ալավերդի համայնքի Շնող բնակավայրի 9-րդ փողոցի 33 հասցեում գտնվող «Կայծոնգազ» ՍՊ ընկերությունում, ինչպես նաև ստուգում և վերստուգում են իրականացվել նույն մարզի Գյուլագարակ համայնքի Ամրակից գյուղի Կենտրոնական 36 հասցեում գտնվող «Մերարա» ՍՊ ընկերությունում։
Տեսչական մարմնի Լոռու տարածքային ստորաբաժանման էներգետիկայի և էներգասպառման ոլորտի մասնագետների կողմից իրականացված ստուգման և վերստուգման արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են էլեկտրական տնտեսության շահագործմանն ու էլեկտրասարքավորումների տեխնիկական սպասարկմանն առնչվող այնպիսի կոպիտ խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում մարդկանց կյանքի, առողջության, ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի պահպանման, ինչպես նաև հրդեհային անվտանգության համար։
Ելնելով վերագրյալից՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է որոշում՝ ամբողջությամբ դադարեցնել վերը նշված հասցեներում էներգատեղակայանքների շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների ամբողջական վերացումը։