Թեև քթի խոռոչի ողողումն օգնում է հեռացնել լորձն ու ալերգենները, այն չի կարող փոխարինել բժշկական բուժմանը։ Ավելին, դրա հաճախակի և անվերահսկելի կիրառումը կարող է զրկել լորձաթաղանթը պաշտպանիչ հատկություններից. զգուշացրել է քիթ-կոկորդ-ականջաբան Դմիտրի Ռյապովը։
«Չի կարելի քթի խոռոչը չափազանց հաճախ կամ առանց մասնագետի հսկողության ողողել, քանի որ դա վերացնում է լորձաթաղանթի պաշտպանիչ հատկությունները, ինչը, ի վերջո, կարող է հանգեցնել քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների ավելի հաճախակի առաջացմանը»,- նշել է բժիշկ Ռյապովը Լենտա-ի հետ զրույցում։
Բժշկի խոսքով՝ թեև ողողումը մեխանիկական ճանապարհով հեռացնում է լորձն ու ալերգենները, այն չի ոչնչացնում բակտերիաները և չի կարող փոխարինել հակաբիոտիկներին այն դեպքերում, երբ վերջիններս բժշկական ցուցումով են նշանակված։
Ռյապովն ընդգծում է, որ քթի խոռոչի ողողմանը պետք է զգուշությամբ մոտենալ՝ հաշվի առնելով պացիենտի տարիքը, կիրառվող մեթոդը և կոնկրետ կլինիկական իրավիճակը։ Նա բացատրում է, որ նորածինների և փոքր երեխաների դեպքում անվտանգ են աղային լուծույթով կաթիլները (կամ շատ ցածր կոնցենտրացիայով հակասեպտիկ պարունակող կաթիլները)։ Մինչդեռ ճնշման տակ իրականացվող ողողումը (հեղուկի շիթի կիրառմամբ) կարող է հանգեցնել նրան, որ լուծույթը թափանցի միջին ականջ՝ պայմանավորված եվստախյան խողովակի անատոմիական կառուցվածքով։
Ինչպես ընդգծել է մասնագետը, քթի ողողումը չի փոխարինում բժշկի այցելությանը կամ նշանակված բուժմանը. եթե երեխայի ախտանիշները պահպանվում են ավելի քան տասը օր, կամ եթե ի հայտ են գալիս դեմքի շրջանում ցավեր, ջերմություն կամ վիճակի վատթարացում, անհրաժեշտ է դիմել մասնագետի՝ անձնական խորհրդատվության համար։
«Իմ կարծիքով՝ քթի ողողման վերաբերյալ տարբեր կարծիքները պայմանավորված են հենց տերմինի ոչ միանշանակությամբ. ոմանք դրա տակ հասկանում են երեխայի քթի մեջ աղային լուծույթի երկու-երեք կաթիլ կաթեցնելը, մինչդեռ մյուսները նկատի ունեն քթուղիների ողողումը՝ ներարկիչից կամ հատուկ սարքից եկող ճնշման տակ գտնվող հոսքով։ Սրանք էապես տարբեր միջամտություններ են, որոնք ենթադրում են տարբեր ռիսկեր»,- եզրափակել է Ռյապովը։